Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լավ կլիներ՝ իշխանությունը պաշտոնապես հայտներ՝ որտեղ է օգտագործվել «Իսկանդերը»․ պատգամավոր (տեսանյութ)

Որ կետից իշխանությունը շեղվեց իր ուղուց, ընթացքը ցույց կտա։ Ես միշտ համաձայն եմ, որ մեղավորները պատասխան տան, և ինչքան հնարավոր է շուտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր, իշխող թիմի նախկին անդամ Վարդան Աթաբեկյանը․

«Ժողովուրդը իշխանություն չէր ընտրել, որ երկու տարի անցնի, ու ներկայացնենք՝ ինչն էր պատճառը, որ կոռուպցիայի դեմ պայքար չեղավ, մեղավորները չպատժվեցին»։

Աթաբեկյանն ասում է՝ թիմի ներսում ունեցել է անհամաձայնություններ, պայքարել է, նույնիսկ երբ իր առաջ մանդատը վայր դնելու պահանջ է դրվել, համարել է , որ պետք է շարունակի պայքարել թիմի ներսում, բայց նոյեմբերի 9-ը արդեն ստիպեց դուրս գալու որոշում կայացնել։ Պատգամավորի խոսքով՝ ֆրակցիայից դուրս գալուց հետո իրեն ճնշելու փորձ կատարվեց, ինչը չհաջողվեց։

Գերիների վերադարձման համար կատարվող գործողությունները պատգամավորը բավարարից էլ քիչ է համարում, ասում է՝ գերիների խնդիրը պետք է պայմանագրում լիներ առաջին կետը, հակառակ դեպքում՝ պետք է սահմանազատման աշխատանքները դադարեցվեին, մինչև Ադրբեջանը կատարեր պայմանգրի 8-րդ կետը․

«Ես չեմ կարծում, որ Կառավարությունը չի ուզում, որ գերիների հարցը լուծվի և այդ բեռի տակից դուրս գա, բայց թե իր գործողությունները որքանով են խանգարում այդ խնդիր լուծմանը, իրենք պետք է ասեն»։

Աթաբեկյանը կողմ է, որ ստեղծվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող պարիտետային հանձնաժողով, ասում է՝ ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները․ թե ինչու է իշխանությունը ձգձգում այս գործընթացը, Աթաբեկյանի համար հասկանալի չէ։

Աթաբեկյանը նաև պնդում է՝ լավ կլիներ՝ մի օր իշխանությունը պաշտոնապես հայտներ՝ որտեղ է օգտագործվել «Իսկանդերը», որովհետև տարբեր մարդկանցից տարբեր կարծիքներ ենք լսել, բայց չենք ստացել պաշտոնական պարզաբանում։