Խնձորեսկն ու Քարահունջը հնարավոր է հայտնվեն աջակցության ցուցակում․ փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։ Սյունիքի մարզի Խնձորեսկ և Քարահունջ համայնքները, սակայն, չեն ներառվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք տվյալ համայնքներն օգնության կարիք չունեն, ասաց, որ կան չափանիշներ, որոնցով ընտրում են համայնքները և գործում է սահմանից ուղիղ հեռավորության որոշակի մեթոդաբանություն։
Այդ հեռավորությունը չափվում է սահմանից մինչև այդ բնակավայրի վերջին բնակելի տունը․
«Խնձորեսկի ու Քարահունջի տարածությունն ավելին էր, քան այդ նշված տարածությունը։ Սակայն ահազանգերից մենք հասկացանք, որ կան այս բնակավայրերում հողատարածքներ, որ շատ ավելի հեռու են բնակավայրերից ու ավելի մոտ են սահմանին և գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելը շատ ռիսկային է մարդկանց համար։ Մենք քննարկում ենք այս ցանկը ճշգրտելու տարբերակները», - ասաց նա։
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ Խնձորեսկն ու Քարահունջը կընդգրկվեն ցուցակում։ Դիտարկվում է նաև Ակներ և Վերիշեն համայնքները ներառելու հարցը։
Ցանկում ընդգրկված չէր նաև Կապանը, սակայն Դավիթ Խաչատրյանը նշեց, որ այս ծրագրում ներառված են գյուղերը, իսկ Կապանը քաղաք է և դրա մասով այլ լուծումներ կտրվեն։
ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրով կփոխատուցվի բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։