Զարիշատում դպրոց կգնա 4 աշակերտ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի գյուղական համայնքների զգալի մասն ունի ընդհանուր խնդիրներ: Դրանք հատկապես վառ են արտահայտված մարզի հյուսիսային սահմանամերձ գյուղերում, որոնք հեռավորության եւ դեռեւս անբարեկարգ ճանապարհի պատճառով կտրված են մարզկենտրոնից: Այդ համայնքներից մեկը Զարիշատն է:
Զարիշատ համայնքում մինչեւ Արցախյան շարժումն ապրել է մոտ 150 ընտանիք, սակայն 1988-ից հետո գյուղից հեռացել են ադրբեջանցիները, նաեւ հայերի մի մասը եւ այսօր ընդամենը 15 ընտանիք կա: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Նրանք պայմանագիր են կնքել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ եւ քիչ թե շատ կայուն եկամուտ ստանում են այս ճանապարհով: Իսկ հողագործությունը պարզապես անիմաստ աշխատանք են համարում:
ՙՀողագործությամբ զբաղվել այստեղ հնարավոր չէ, - ասում են գյուղացիները, - անպտուղ աշխատանք է: Ցուրտ կլիմայի պատճառով ոչինչ չի հասցնում ժամանակին աճել՚:
Բարձրադիր այս գյուղում չկա նաեւ ոռոգման ջուր: Զբաղմունքի համար փոքրիկ հողակտոր մշակող զարիշատցիներն օգտվում են արտեզյան ջրերից: Նույն ջրից էլ պաշար են վերցնում խմելու եւ կենցաղային կարիքների համար: Դրանից բացի գյուղում չկա նաեւ ջեռուցման համակարգ եւ ձմռան ամիսներին տները տաքացնում, իսկ մյուս եղանակներին ճաշ են պատրաստում՝ օգտագործելով աթար:
Գյուղը Գյումրիից հեռու է մոտ 45 կիլոմետր, սակայն անբարեկարգ ճանապարհն անցնում են այնքան ժամանակում, որքան կպահանջվեր Գյումրիից մայրաքաղաք հասնելու համար:
Չնայած այս ամենին, գյուղացիներն այնքան էլ դժգոհ չեն իրենց ապրուստից: Միայն թե տարիների ընթացքում ընտանիքների թվի աճ գրեթե չի գրանցվել: Թեեւ գյուղում կան երիտասարդ ընտանիքներ, սակայն երեխաների թիվը մեծ չէ: Սեպտեմբեր ամսին դպրոց է հաճախելու ընդամենը չորս աշակերտ:
Դպրոցն ունի երկկոմպլեկտ երկու դասարան: Զարիշատում կա երեք մանկավարժ: Տնօրեն Ալվարդ Շաղոյանը նշում է, որ փորձից ելնելով համոզվել է՝ մեկ- երկու ժամի համար ոչ մի մասնագետ գյուղ չի գա:
Դպրոցի համայնքապատկան շինության տանիքն էլ վերջին ամսիներին մոլեգնած ուժեղ քամու եւ կարկտահարության հետեւանքով վնասվել է, դասասենյակներն էլ արդեն խոնավացել են: Համայնքապետարանի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութը եւ եղանակների կայունանալուն պես կսկսվեն աշխատանքները:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ