Բացել լրահոսը Փակել լրահոսը
զախարովա
A A
Քաղաքականություն

Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիների կողմից Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը:

Զախարովան նշել է, որ հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողի մասին, չի կարող այլ դիրքորոշում լինել:

«Երբ ստացել ենք այդ տեղեկությունը, կապ ենք հաստատել մեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք վստահեցրել են, որ վանդալիզմի դրսևորումը, հուշարձանների պղծումը արձանագրվել է Ադրբեջանի կողմից, հետաքննություն է անցկացվում, և վանդալիզմի դրսևորման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կցանկանայի, որ մենք միասնական լինեինք հուշարձանների պղծման և վանդալիզմի դեմ պայքարում: Կարծում եմ, որ ցանկացած նման երևույթ 21-րդ դարում պետք է դատապարտվի բոլոր պետությունների կողմից, որոնց ժողովուրդները տվել են իրենց կյանքը, որպեսզի մենք բոլորս ապագա ունենանք»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 Մարիա Զախարովան անդրադարձել է  նաև Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին հարցին:

«Ինչպես գիտեք, առաջնորդների հայտարարության 7-րդ կետի համաձայն, որի մասին ես արդեն հիշատակեցի, սա ուղղակի մեջբերում է, և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից վերահսկվող շրջակա տարածքներ:

Ներկայումս մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում, որոնք նախկինում, բոլորովին վերջերս, լքել էին իրենց տները՝ կապված անցյալ տարվա աշնան հայտնի իրադարձությունների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերում է բոլորին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- ասել է Մարիա Զախարովան: