Էլ ի՞նչ իշխանություն, եթե չկարողանա իր գերիների հարցը լուծել․ ակցիա կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել էին ՀՀ Կառավարության շենքի դիմաց։ Այս անգամ նրանց հետ էին նաև անհետ կորած տղաների երեխաները։ Նրանց ձեռքին պաստառներ էին՝ «Վերադարձրեք հայրիկիս», «Մենք ուզում ենք մեր պապային» գրվածքներով։
Էջմիածնի զորամասի պայմանագրային զինծառայող, անհետ կորած տղաներից մեկի մայրը՝ տիկին Կիման ասաց՝ իր որդու ավագ տղան՝ Դավիթն ամեն օր հոր վերարկուն գրկած է քնում, ամեն տուն մտնողի հետ մտածում է՝ հայրն է եկել։
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին՝ իրենց հետ գա, խոսի մեկը, որ այս հարցին կկարողանա լուծում տալ։ Եթե իշխանությունը կարճ ժամկետներում հստակ գործողություններ չձեռնարկի, ասում են, իրենք իրենց միջոցներով կսկսեն հարցը լուծել։ Թե ինչպես՝ չեն բարձրաձայնում։
Ծնողները նշում էին, որ բոլորի հետ հանդիպել են, սակայն այդպես էլ արդյունք չեն տեսել։ Պաշտպանության նախարարությունից էլ, նրանց խոսքով, ասել են՝ աշխատանքներ են տարվում, բայց արդեն 100 օրից ավելի է՝ ոչ մի առաջընթաց չկա։ Հարազատներն ասում են՝ այս գործընթացն արդեն շատ է երկարում, բայց իրականում լուծումներն ավելի արագ պետք է լինեին․
«Քանի անգամ ասել են՝ գործ ունենք հակառակորդի հետ, հաղթողը հակառակորդն է, թելադրողը հակառակորդն է։ Հասկացանք, բայց ցանկացած հարց լուծում ունի։ Եթե այս հարցը մեկը չի կարողանում լուծել, պետք է գտնել այն մարդուն, որ կկարողանա լուծել հարցը։ Էլ ի՞նչ իշխանություն, եթե չկարողանա իր գերիների հարցը լուծել», - ասաց անհետ կորած տղաների հարազատներից Արսեն Ղուկասյանը։
Նա ասում է, որ ծնողներն ու հարազատներն են որոնողական աշխատանքների համար մեկնում Արցախ։ Ինքն էլ երեկ էր վերադարձել։ Ասում է՝ Պաշտպանության նախարարությունը միայն երկու օր առաջ է ուղարկել Արցախ այն զինվորականների և սպաների անունները, որոնք կարող են հստակ իմանալ՝ տարբեր տարածքներում ինչ դեպքեր են տեղի ունեցել, արդյոք զոհեր եղել են և օգնել որոնողական աշխատանքների ժամանակ։
Հարազատներն ու ծնողներն ասում են՝ ուզում են գերիների մասին ցուցակներն ամբողջացնեն և հստակեցնեն գերիների թիվն ու իրենք էլ իմանան՝ ովքեր են գերեվարված․
«Մենք կիմանանք՝ ովքեր են գերեվարված, և եթե մեր տղաների անունները չլինեն գերիների մեջ, կշարունակենք որոնողական աշխատանքները», - ասաց անհետ կորած տղաներից մեկի մայրը՝ տիկին Անահիտը։
Երկու ժամից ավելի հարազատներն ու ծնողները Կառավարության շենքի դիմաց էին։ Նրանց չհրավիրեցին շենք և ոչ ոք դուրս չեկավ՝ նրանց հետ խոսելու։
Անհետ կորած զինծառայողների ծնողները ստիպված փակեցին Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ ճանապարհը: Նրանց հետ հանդիպեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, որից հետո բացեցին ճանապարհը։