«Չիտա, Սիկտիվկար են գնում, խաբում, ասում են՝ Կրեմլ ենք գնացել, Պուտինից իշխանությունը վերցնելու «դաբռո» ենք բերել»․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում բացվել է Ռուսաստանին քաղաքական ճորտատիրական ծառայությունների մատուցման նոր համերգաշրջանը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Հայաստանի և Ռուսաստանի խորը ինտեգրացիայի անհրաժեշտության մասին են խոսում Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանից սկսած՝ բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը ծախելով»։
Բաբաջանյանի խոսքով՝ նախորդ շաբաթվա վերջին Հայաստանում տեղի ունեցած հավաքը ոչ միայն սպառնալիք էր՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ, այլ Հայաստանի պետականության կազմաքանդման, սահմանադրական կարգի տապալման միջոցառում էր։ Բաբաջանյանը հարց բարձրացրեց՝ ո՞ւր է իշխանության արձագանքը, ո՞ւր է ՀՀ ԱԱԾ-ն։
Բաբաջանյանն ասում է՝ կասկած չկա, որ ուժեղ լինելու համար Հայաստանը պետք է աշխատի Ռուսաստանի հետ, բայց ուժեղ լինելու համար Հայաստանը պետք է աշխատի նաև այլ ուղղություններով․
«Մենք հիմա մեր ջանքն ու ուշադրությունը պետք է այդ ուղղությունների վրա կենտրոնացնենք, որպեսզի Հայաստանը համամասնորեն կարողանա իր ուժերը վերականգնել։ Հիմա էլ նոր թրենդ է՝ տարբեր քաղաքական գործիչներ Ռուսաստանի տոմս են առնում, գնում են Չիտա, Սիկտիվկար, գալիս են, ժողովրդին խաբում, ասում են՝ Կրեմլ ենք գնացել, Պուտինից իշխանությունը վերցնելու դաբռո ենք բերել։ Այն, ինչ տեղի է ունենում, պատահական չէ, Հայաստանում կեղտի տակից դուրս են եկել բոլոր նրանք, ում համար 22 տարի առաջ Հոկտեմբերի 27-ը հնարավորություն էր, թիրախը պետականությունն ու մեր հայրենիքի ինքնիշխանությունն էր»։