Երեկ ադրբեջանցի զինծառայողներն արդեն չէին թողնում ուխտավորներին Դադիվանք մտնել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Հայաստանում առ այս պահը պահպանվում ռազմական դրությունը։ Այս հարցը ԱԺ հայտարարությունների ժամին բարձրացրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը պնդեց՝ Ադրբեջանն ինչ ուզում անում է, ադրբեջանցի զինվորները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում՝ ձևում են.
«Գնացեք Ներքին Խնձորեսկ, տեսեք՝ քանի կիլոմետր, քանի մետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, ոնց ուզում՝ առաջ են գալիս։ Նույնը՝ Սյունիքի՝ Կապանի հարակից բնակավայրերում։ Ինչ-որ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը, այս իշխանությունը ռազմագերիների հարցով զբաղվում են ընդամենը «գալոչկայի» համար»։
Զոհրաբյանի խոսքով՝ անհետ կորածների ծնողները ռուս խաղաղապահների հետ սահմանից այն կողմ իրականացնում են որոնողական աշխատանքներ, եթե, իհարկե, ադրբեջանական կողմը թույլատրում է․
«Հավատալով տեղեկությանը, թե Արցախի հարավային հատվածից զինվորներ են անցել Իրանի հատված, մի քանի ծնողներ մեկնել են Թավրիզ, հանդիպել մեր սրբազանի հետ՝ փորձելով կառչել վերջին հույսից։ Ես ստիպված եմ եղել այդ հարցով զրուցել Իրանում մեր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Ծնողները խնդրել են իմանալ՝ ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ»։
Զոհրաբյանը պնդում է՝ իշխանությունները նաև տեղահանվածների հարցերով են զբաղվում «գալոչկայի» համար․
«Ինձ համար տարօրինակ է, երբ Դավոսի տնտեսական համաժողովին Ռուսաստանի նախագահն է դիմում միջազգային հանրությանն ու ասում, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, եկեք օգնեք։ Հիմա, երեկ ադրբեջանցի զինվորականները այլևս թույլ չէին տալիս մեր ուխտավորներին գնալ Դադիվանք, երեկ ուզել են նաև անուններ՝ թե քանի հոգի են լինելու, վաղը կուզեն արյան անալիզը, հետո կասեն՝ թույլ չենք տալու, որ սահմանը անցնեք»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանն անդրադարձավ նաև ֆեյքերի դեմ պայքարին, ասաց՝ դրանց դեմ պայքարի շատ կարճ ճանապարհ կա՝ դադարեցնել ֆեյքերի ֆինասավորումը, փակել ֆեյքերի պոակը։