Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ժողովրդավարական ուժերը միավորվել են,որ ողբերգությունը չկրկնվի (տեսանյութ)

«Այսօր ինձ համար պատմական օր է, և տարիներ հետո ժողովուրդը նույնպես կարձագանքի, որ փետրվարի 9-ին  սկսվեց հայ ժողովրդի քաղաքական գարունը»,- այսօր Ազատության հրապարակում ժողովրդավարական ուժերի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են փոխել սահմանադրությունը, և նոր  անցկացնել  ընտրություններ։

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենք առաջարկում են սահմանադրական այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք հնարավորություն կտան շտկել կառավարման համակարգի բացերը։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ գործադիր և օրենսդիր իշխանությունը պետք է անջատ լինեն։ «Օրենսդիր իշխանությունը պետք է իսկապես հարթակ լինի Հայաստանում բոլոր քաղաքական և հասարակական ուժերի ներկայացման համար։ Ինչը մենք այսօր չունենք։ Իշխանությունն ու խորհրդարանը օտարված են ժողովրդից»,-ասաց նա։

«Ակնհայտ է, որ նման պարտությունից հետո բնական անհրաժեշտություն կա նորացնել կառավարությունը»,- նշեց Ղուկասյանն ու ավելացրեց, որ այն մարդիկ, ովքեր փորձում են պնդել, որ այսօր չկա կառավարությունը նորացնելու խնդիր, ըստ էության պնդում են, որ գործող կառավարությունը չունի պատասխանատվություն այն բանի համար, ինչ տեղի ունեցավ։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են և մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,-ասաց նա։

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի խոսքով՝ այստեղ նախընտրական որևէ դաշինք չի ձևավորվում, պարզապես մի շարք կուսակցություններ միասին պարբերաբար հավաքվում են և փորձում են  հասկանալ, թե ի՞նչ կատարվեց մեզ հետ․

«Մենք համախմբվել ենք և փորձում ենք ելք գտնել, որպեսզի  չկրկնենք 100 տարվա վաղեմության մեր ողբերգությունը, իսկ ողբերգությունը թակում է մեր դուռը։ Այստեղ  փորձում են նորից քաոս սարքել՝  նույն վիճակը, ինչ որ 100 տարի առաջ։ Արդյոք պետք է նույն սխալը կրկնենք, արդյոք նորից պետք է հանձնվենք ռուս-թուրքական տանդեմի ողորմածությանը։ Մենք պետք է ձայն բարձրացնենք և ասենք, որ չենք ընդունում այդ եռյակ հայտարարությանը, որը թղթի կտոր է ընդամենը՝ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի ստորագրությամբ»,-նշեց Հայրապետյանն ու ընդգծեց, որ իրենք ընդունում են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները՝ մասնավորապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի։

Միքայել Հայրապետյանը շեշտեց, որ իրենք առաջարկում են նոր  ձևաչափ․ « Մենք առաջարկում ենք ոչ սևի ու ոչ էլ սպիտակի ճանապարհը․ ոչ թե ընտրություն՝ առանց վարչապետի, կամ նախապես նոր դրված վարչապետով, այլ ձևաչափ, որն ինքնին կլուծի  խնդիրը առանց միմյանց դեմ մեզ հանելու ։Հիշենք, որ մենք մեկ օրգանիզմ ենք»,- ասաց նա։

Նախաձեռնությանը միացել են Պարույր Հայրիկյանը՝ Ազգային ինքնորոշման միավորում կուսակցություն, Տիգրան Խզմալյանը՝ Հայաստանի եվրոպական կուսակցություն, Պետրոս Մակյանը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն, Անդրիաս Ղուկասյանը՝ «Հայ կառուցողական» կուսակցություն, Գառնիկ Մարգարյանը՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցություն, Արտյոմ Խաչիկյանը՝  «Հայք» կուսակցություն և Միքայել Հայրապետյանը՝  Պահպանողական կուսակցություն։