«2-3 քրեական գործով անցնող տնօրենը վերընտրվում է, նախարարությունն ասում է՝ ոչինչ անել չի կարող»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չեմ կարող ասել, որ դպրոցի տնօրենների նշանակման հարցում ոչինչ չի փոխվել, բայց կասեմ, որ երբեմն բախտներս բերում է, որ չեն միջամտում։ Բայց այդ դեպքերը շատ քիչ են», - ասում է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գյումրիի թիվ 25 եւ Աբովյանի թիվ 1 դպրոցներում ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ տնօրենների ընտրության կարգը փոփոխելու համար ԿԳՄՍ նախարարությունը հապաղում է։ Նրանց մշակած մի կարգը, որ շրջանառության մեջ էին դրել և քննարկումներ էին իրականացնում, կարծես թե չբավարարեց ուսուցիչների, կրթության ոլորտի մասնագետներին․
«Կարծում եմ՝ գործընթացը բավականին երկար է։ Եվ արդյունքում դեպքեր են լինում, երբ 2-3 քրեական գործով, յուրացումների գործով անցնող տնօրենը վերընտրվում է տվյալ հաստատությունում և նախարարությունն ասում է, որ ոչինչ անել չի կարող․ պետք է ստիպված նշանակի, քանի որ խորհուրդն ընտրել է», - ասաց նա։
Բուհերի ռեկտորների փոփոխության հարցը, նրա խոսքով, նույնպես քննարկվելու է։ Առաջարկներից մեկն այն է, որ ռեկտորներին արդեն 5 տարի ժամկետով նշանակելու է նախարարությունը․
«Ռեկտորների փոփոխության ժամկետի լրանալուց 6 ամիս շուտ պետք է մրցույթ հայտարարվի և հնարավորություն տրվի ավելի շատ մասնակիցներ ներգրավելու։ Բնականաբար, այստեղ նաև հնարավորություն կունենան ուսումնասիրելու դիմողների կրթական ոլորտում ունեցած հաջողությունները, անձնական որակները։ Հոգաբարձուների խորհուրդն էլ ձևավորվելու է 5 օր շուտ և հնարավոր չի լինելու նրանց վրա ազդեցություն ունենալ», - ասաց Սոֆյա Հովսեփյանը։
Նա նաև նշեց, որ փորձ է արվելու բուհական համակարգը քաղաքական դաշտից ամբողջությամբ դուրս բերել։ Ավելին, հոգաբարձուների խորհրդի կազմում բացառվելու է որևէ քաղաքական անձի ներկայությունը։