Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Այնպես էր խրամատ փորում, ասում էինք՝ էս տղեն սենց Բաքու կհասնի». հրամանատարը՝ զոհված Բենիկի մասին (տեսանյութ)

Բենիկի մեկամյա  որդին՝  Ավետիքը, իր առաջին քայլերն անում է առանց հայրիկի։ Երբ  26-ամյա Բենիկ  Քոչարյանն  առաջնագիծ էր մեկնել, երեխան 11 ամսական էր։ Իր նման շարժուն է, ասում է մայրը՝  Ալլան, նման է նաև արտաքնապես։ Պատերազմի օրերին ամեն զանգելուց Բենիկն ուզում էր որդու ձայնը լսել․

 «Ասում էր՝ կարոտել եմ, ընտանիքիս էլ եմ կարոտել, երեխայիս էլ, ամենաշատը՝ երեխայիս։ Ասում էի՝ արի 5 օրով, երեխուն կտեսնես, նոր կգնաս, ասում էր՝ չէ, մամա, պատերազմը կվերջանա, նոր կգամ, ես էս 18-19 տարեկան երեխեքին տեսնում եմ, մղկտում եմ, չեմ կարա թողնեմ»,- նշում  է նա։

Հայրը դեմ է եղել նրա առաջնագիծ գնալուն, բայց ծանուցագիրը Բենիկին ոգեւորել է․ հագնվել է, իրերը հավաքել ու մեկնել։

Ձեռքի հիանալի շնորհք ուներ ու անգամ դիրքերում՝ պատերազմի ժամանակ այդ երեւացել է։ Բենիկի դասակի հրամանատար Կարեն Հակոբյանն ասում է՝ խրամատն անգամ յուրահատուկ էր փորում․

 «Երբ առաջին երկու օրն էր՝ ընդեղ էինք, խրամատ փորելու ինժեներական աշխատանքների ժամանակ ամեն մեկն իր  յաչեյկան էր փորում, ինքը մի հատ կվարտիրա էր փորել, սարքել էր պոլկեքը ,  իր վեշերը դրել էր։ Տղեքով մի պահ անգամ հումորով ասացինք՝ էս տղեն սենց փորելով Բաքու է հասնելու»։

Հրամանատարն ասում է՝ Բենիկը ոչ թե ուզում էր տուն գնալ, այլ ուզում էր պատերազմը շուտ ավարտվեր, բայց,  ցավոք, ինքն իր խաղաղությունն այսպես գտավ։ 23 օրվա մարտերից հետո հակառակորդի օդուժը մահացու խոցեց Բենիկին ու իր 5 ընկերներին։

Մանրամասները՝ տեսանյութում