Պարիտետային հանձնաժողով ստեղծելուն դեմ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատերազմից առաջ իր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը և հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածում որպես ընդդիմադիր պատգամավոր՝ չունի իր մեղքի բաժինը։
Ասաց՝ հրավիրել էր ճշտելու՝ հողերը վաճառո՞ւմ են, թե՞ ոչ, իրենց հավաստիացրել են, որ նման բան չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է, և ցանկանում են բանակցային ֆորմատ փոխել․
«Դավիթ Տոնոյանը նույնիսկ պնդում էր, որ երբ ՍՈՒ-ն բարձրանում է օդ, կատարում է 4 հատ Ս-300-ի խնդիր, ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, հավատացել եմ 73 ձայն ունեցող լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներին, բայց շարունակել եմ պրպտել, հետաքրքրվել, այստեղ երկու տարբերակ կա՝ կամ ինձ խաբել են, կամ չեն եղել այնքան կոմպետենտ, որ չեն հասկացել՝ ինչ է կատարվելու։ Երկու տարբերակում էլ մեղքի բաժինն իմը չէ»,-պնդեց Մարուքյանը։
Միևնույն ժամանակ Մարուքյանն ասաց՝ հիմա էլ փաստեր չունի, որ ազատագրված տարածքները վաճառված են․
«Դրա համար մենք առաջարկում ենք ստեղծել պարիտետային հանձնաժողով, որը մերժվել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից, այսինքն՝ երկու կողմ կա, որոնք շահագրգիռ չեն, որ քննենք, հասկանանք՝ ինչ է կատարվել»։
Մարուքյանը նշում է՝ պարիտետային հանձնաժողովը շատ բան կարող է բացահայտել և ունենալ զարհուրելի տվյալներ, մինչդեռ իշխանական խմբակցությունից իրենց առաջարկին «ցրողական պատասխան են ստացել»․
«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց նաև եղածից պետք է դասեր քաղել»,-ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը և հավելում, որ խոսք է գնում հազարավոր մարդկանց կյանքի ու տարածքների մասին։
Տեղեկացրեց, որ պատրաստվում են պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագիծը դարձնել օրենքի նախագիծ։
Մարուքյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») դեմ քրեական գործ հարուցելով՝ ցանկանում են նրան քավության նոխազ դարձնել․
«Դավիթ Գալստյանը ի՞նչ մասով կարող է քավության նոխազ լինել՝ որ զենքը թա՞նկ է առել կամ էժան, դա պատերազմում պարտվելու հետ շա՞տ կապ ունի, եղել է չարաշահում, այո՛, պետք է քննվի, պարզվի: Կարող է քննությունը գնա, պարզվի՝ Պատրոն Դավոն մի հիանալի անձնավորություն է, պետք է քննել ցանկացած բան։ Ընդ որում՝ այդ նույն մարդը այդ գործով զբաղվել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, այսինքն՝ եղել է կարևոր օղակ, հետևաբար՝ նրա վրա բան բարդելը,կարծում եմ, հեշտ չէ»։
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Մարուքյանն ասում է՝ սպասում են, որ խորհրդարանն ինքնալուծարվի, այլ հարց է, որ իշխանականները դրան չեն գնում՝ մտավախություն ունենալով, որ ինքը կընտրվի վարչապետ։