Իշխանությունը գիտակցում է՝ ընտրություններն ուշացնելու դեպքում կարող է որևէ տեղ չհայտնվել. Ս. Հովսեփյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզում ստեղծված իրավիճակը պետք է ազդակ լինի մեզ, որ մենք չպիտի հույս ունենանք, որ ադրբեջանցիները սադրանքների չեն գնա, կամ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովված է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, թե ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում:
Հովսեփյանը հիշեցնում է՝ Ադրբեջանն իրեն շատ ագրեսիվ է պահում հենց հիմա էլ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բավականին կոշտ դիրքորոշում ունեն, ինչն էլ անդրադառնում է զինվորականների պահվածքի վրա:
Պատգամավորի խոսքով՝ միջազգային կառույցներից այլ բան, քան կոչերը, սպասել պետք չէ.
«Մենք պետք է գիտակցենք՝ ինչ իրավիճակում ենք հայտնվել և բնակիչների անվտանգությունն ապահովենք՝ իրենց իսկ կարողություններն ամրապնդելով և համապատասխան զինելով»:
Ինչ վերաբերում է գերիների հարցին, Հովսեփյանն ասում է՝ այդ հարցը չի լուծվում, որովհետև որևէ մեկը բանակցային կամ քաղաքական առումով որևէ քայլ չի կարող ձեռնարկել.
«Համոզելով բերում ենք գերիներ, իսկ դա ճիշտ չէ»:
Ըստ Հովսեփյանի՝ վերջին 30 տարիներին մենք այդպես էլ չկարողացանք բանակցություններ վարել, պետք է գիտակցել, որ բանակցություններ չենք կարող վարել այս որակով և այս մակարդակով:
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հովսեփյանն ասում է՝ իշխանությունը շտապում է, պատրաստվում է արտահերթ ընտրությունների, որովհետև այս պահին դաշտում տեսնում է իրեն և նախորդներին.
«Իշխանությունը շատ լավ գիտակցում է՝ընտրությունները ուշացնելու դեպքում կարող է ընդհանրապես որևէ տեղ չհայտնվել, այսինքն՝ եթե որոշակի ժամանակ հետո որոշակի խնդիրներ բացահայտվեն, կամ մարդիկ սգի ու ծանր իրավիճակների մեջ մի փոքր սթափվեն, բոլորի համար օրերը հաշված կլինեն»,-ասում է Հովսեփյանը:
Անկախ պատգամավորը համախմբվելու և այընտրանքային ուժի անհրաժեշտություն է տեսնում:
Պնդում է՝ «կիսակարող են բոլոր այն ղեկավարները, ովքեր չկարողացան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել կամ 5000 երեխայի արյան գնով չլուծել».
«Անգամ կասկածի տակ է դրվում կիսակարողությունը»,-եզրափակեց նա: