Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխող խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր ճամպրուկային տրամադրություններով են․ քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքական դաշտի խաղացողնեը պետք է իմանան՝ ռազմական կամ ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության փոփոխությունը երկրում չի բերելու իրավիճակի կայունացման։ Այս մասին «Ա1⁺»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության մոտ տեղի ունեցած բախումներին և ապստամբություն իրականացնելու վերաբերյալ ընդդիմության վարչապետի թեկնածուի հայտարարություններին.

«Որպես կանոն, այդ ճանապարհով իշխանության եկածները դառնում են ոչ լեգիտիմ, խոցելի և երկիրը չի կարողանում երկար ժամանակ դուրս գալ արատավոր շրջափուլից»:

Վարդանյանի խոսքով՝ իշխանափոխության միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ինչի մասին հայտարարել են իշխանությունները․

«Ստեղծվել է տարօրինակ, պարադոքսալ իրավիճակ, փոխանակ ընդդիմությունն ամեն ինչ անի, որ արտահերթ ընտրություններ լինեն և իշխանությունը մերժի դա, իշխանությունն է առաջարկում արտահերթ ընտրություններ և 17 ուժերի մեծ մասը հրաժարվում են»։

Վարդանյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում Նիկոլ Փաշինյանը ևս կհրաժարվի արտահերթ ընտրությունների գաղափարից և կասի՝ ընդդիմությունը չցանկացավ։

Վարդանյանի խոսքով՝ ստեղծվել է անկանխատեսելի իրավիճակ, ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի նախկին վարկանիշը, ակնհայտ է նաև, որ քաղաքական դաշտում կա վակուում և որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ վակուումը լցնել, բայց նաև ընդդիմադիր ուժերի որոշ մասը չի վայելում հանրային վստահություն․

«Ես կարծում եմ, որ իշխանությունները ներքին կարգով ինչ-որ սոցիոլոգիական հարցումներ անցկացրել են և մոտավորապես գիտեն՝ որքան է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, դրա համար էլ  փորձում են գնալ արտահերթ ընտրությունների»։

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունն ունի մտավախություն, որ այս փուլում վարչապետի հրաժարականի դեպքում իշխող խմբակցությունից կլինեն պատգամավորներ, ովքեր կքվեարկեն այլ թեկնածուի օգտին, Վարդանյանն արձագանքեց․

«Կան պատգամավորներ, ովքեր ճամպրուկային տրամադրություններով են, սպասում են, տեսնեն՝ կշեռքի նժարը որ կողմն է թեքվում և անցնեն այդ ուղղությունը։ Ես գոնե մի քանի պատգամավորներ գիտեմ, որ վերջին շրջանում կապերը թուլացրել են իշխանության հետ և սպասում են իրադարձությունների զարգացմանը։ Եթե ուժի կենտրոնը թեքվեց իշխանության կողմից, իրենք անմիջապես լքելու են խմբակցությունը և թեքվելու են դեպի ուժեղ կողմը»։