Աղաբլիթ ուտելու գիշերը
Աջակցիր «Ա1+»-ինՍուրբ Սարգիսն այս գիշեր նորից կանցնի բոլորի պատուհանների կողքով։ Ոմանց բախտը գուցե բերի ու երազում ապագա կեսին տեսնեն։ Կամ էլ պատշգամբում դրված ալյուրի կամ փոխինդի մեջ առավոտյան ձիու ոտնահետք գտնեն։ Բայց փաստ է, որ ջուր սպասողներն ավելի շատ են, քան ոտնահետք փնտրողները։
Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում տատիկներն արդեն առավոտից աղաբլիթներ են վաճառում։ 70-ամյա Հռիփսիմե տատն ասում է՝ ինքը փոքր տարիքում կերել է բլիթ, բայց ոչ թե ինչ-որ մեկին երազում տեսնելու համար։
«Իմ մայրն էր միշտ սարքում ու բաժանում բոլոր երեխեքին Սուրբ Սարգսի տոնին։ Հիմա ջահելներն ուտում են, ինչ-որ մեկին չեն տեսնում, էլ մյուս տարի չեն ուտում։ Բայց չեն հասկանում, որ առաջին հերթին տոնն ու աղի բլիթ ուտելը մաքրության համար են», - ասում է նա։
Ինքն էլ իր ամուսնուն է երազում տեսել, բայց արդեն ամուսնությունից հետո։ Հիշում է՝ ամուսինը իրենից հեռացել էր, ինքն էլ որոշել էր աղի բլիթ ուտել ու երազում ամուսնուն էր տեսել։ Դրանից մի քանի ամիս անց ամուսինը վերադարձել է իր մոտ։
Եկեղեցու առաջնամասում էլ տիկին Հասմիկն էր կանգնած, ասում է՝ ինքն է պատրաստում ամեն տարի ու բերում աղի բլիթները։ Ինքն էլ իր ամուսնուն է տեսել երազում երիտասարդ տարիքում։ Երբ երազում տեսել է նրան, դեռ չի ճանաչել։ Մի քանի ամիս անց է իրականում հանդիպել, հիշել է ու զարմացել։
Մինչ զրուցում էինք տիկին Հասմիկի հետ, երիտասարդներն անընդհատ մոտենում ու բլիթներ էին գնում։ Հետաքրքրությունը միշտ էլ մեծ է, ասում են և՛ տիկին Հասմիկը, և՛ տիկին Հռիփսիմեն , բայց այս տարի մյուս տարիների համեմատությամբ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ։
Երիտասարդներից որոշներն արդեն մեկին տեսնելու փորձ ունեին, բայց նորից էին ուզում ուտել։ Հավանաբար տեսածը իրենց սրտով չի եղել։ Մի մասն էլ անցյալ տարի կերել ու ոչ ոքի չէր տեսել, ասում են՝ նորից ենք փորձելու հետաքրքրության ու գեղեցիկ ավանդույթի համար։
Բլիթների տուփերի մեջ էլ տարբեր բարեմաղթանքներ ու թեմատիկ խոսքեր կան․ «Նա սիրում է և կսիրի քեզ», «Նա երազում քեզ է տեսնում» կամ էլ «Նա անկեղծ է քեզ սիրում»։
Հիշեցնենք, որ Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է։
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: