Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի տաշտ ջուր խմելու եւ լողանալու համար

Մարզեր

Տարին 12 ամիս ջրով լցված տակառներ եւ բազմապիսի տարաներ, ամռանն էլ հավերժ ծարավություն: Այս պատկերը Շիրակի մարզի Շիրակավան համայնքում: Այստեղ բոլորի կենցաղը նման է իրար: Տարատեսակ լվացքներն արվում են հրապարակայնորեն:

Հենց որ ջուրը սկսում է խմելու համար անպիտան դառնալ, շիրակավանցիների մոտ սկսվում է լողանալու գործընթացը:

Շիրակավանցի խոշորամարմին Մկրտիչ Հովհաննիսյանը քմծիծաղով պատմում է, որ լողանալու համար մտնում է փոքր տաշտի մեջ ու ջուրը լցնում վրան: Վաղուց է՝ ինչ չի վայելել երկու ձեռքով լողանալու հաճույքը:

Բայց եթե շիրակավանցիները երազելով մի կերպ հարմարվում են ներկայիս պայմաններին, ապա դժվարանում են նույն կերպ վերաբերվել ոռոգման ջրի հարցում:
Հողագործությամբ գրեթե չեն զբաղվում: Ով էլ որ մի կտոր հող է մշակում՝ հույսը դրել է անձրեւի վրա:

Շիրակավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Գրկգորյանի հավաստմամբ այս խնդրի վերաբերյալ կառավարությունից պատասխան են ստացել, որ դա ընդհանուր խնդիր է, եւ տեղային լուծում տալ հնարավոր չէ:
Ու մինչ կառավարությունը գտնի գլոբալ խնդրի ոչ լոկալ լուծումը, Շիրակավանը նոր բնակիչներով չի համալրվում. հարեւան համայնքներից այստեղ հարս չեն տալիս: Ո՞վ կուզենա կլոր տարին լինել ջրի կարոտ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ