Աղջկան ցած են նետե՞լ
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ պատահար Գյումրիում: Հունիսի 19-ին ժամը 5:30-ի սահամաններում Ալեք Մանուկյան փողոցի կամուրջից ներքեւ է նետվել Գյումրիի բնակչուհի, 1985 թվականին ծնված Կարինե Ա-ն:
Տարածքում բնակվող քաղաքացիների խոսքերով կամրջի վրա գրեթե ամբողջ գիշեր աղմուկ-աղաղակ է եղել: Երբ 5.30-ի սահմաններում դադարել են ձայները, կամրջի տակ գտնվող Ձորի թաղի բնակիչները կարծել են, որ ամեն ինչ հանդարտվեց: Սակայն այդ վայրկյանական լռությունը րոպեներ անց փոխարինվել է ուժեղ դմփոցով, ապա լսվել են կանացի ճիչեր: Ձայնի ուղղությամբ գնալով նրանք պարզել են, որ կամրջից մի երիտասարդ աղջիկ է ընկել ներքեւում գտնվող շինության տանիքին:
Վերցնելով հեռախոսահամարը, թաղի բնակիչներն անմիջապես զանգահարել են աղջկա մորը, ով եկել է մյուս աղջկա եւ փեսայի հետ: Ընթացքում ահազանգել են ոստիակնություն, շտապ բուժօգնություն եւ արտակարգ իրավիճակների վարչություն:
Ներկաների խոսքերով կամրջի տակ գտնվող էլեկտրալարերի վրա ընկնելով, աղջկա մարմնի անկումը թուլացել է, ինչի շնորհիվ վերջինս ողջ է մնացել:
Մոտ երկու ժամ տանիքի վրա մնալուց հետո համպատասխան մարմինների օգնությամբ աղջիկը տեղափոխվել է Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Մեր հարցին, թե ինչը դրդեց նրան այդ քայլին, հնչեց հետեւյալը՝ ՙԱյդ պահին, այդպես էր պետք՚:
Այնինչ ականատեսներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ աղջիկը վիճել է ինչ - որ տղամարդկանց հետ, եւ հավանաբար նրանք են վերջինիս ցած նետել:
Կարինեի մոտ լուրջ վնասվածքներ ու կոտրվածքներ չկան եւ շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Ցայգ հ/ը