Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սխալ հրամանների հետևանքով ունեցել ենք զոհերի մեծ քանակ․ զոհված զինծառայողի ծնող (տեսանյութ)

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Քննչական կոմիտեում էին, նրանց ընդունեցին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։

Զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը, լրագրողների հետ զրույցում  ասաց՝  որդին զոհվել է հոկտեմբերի 6-ին, մարմինը գտել են սեփական ուժերով․

«Նոյեմբերի 2-ին տվել ենք հաղորդում հանցագործությունների մասին, որը վերաբերում է բանակի հրամանատարությանը։ Կան հրամանատարներ, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մեր հարցերը մնացել են օդում կախված»,- ասում է ծնողը։

Նաև հավելում է՝ այսօրվա հանդիպմանն ասել են՝ հետևողական են, գործերն առաջ գնում են, բայց կան ծնողներ, ովքեր դեռ հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել․

«Որպես ծնող ոչ թե մենք պետք է գնանք տվյալներ հավաքենք, բերենք, տանք Քննչական կոմիտեին, այլ Քննչական կոմիտեն պետք է զորամասից հարցում անի, տվյալներ ճշտի, մինչդեռ որևէ փաստ հստակ չի նշվում»։

Ծնողը համոզված է՝ զինծառայողներին հրամաններով տարել են սխալ ուղղություններով․

«Սխալ հրամանների հետևանքով ունեցել ենք զոհերի մեծ քանակ, զինծառայողների մեծամասնությունը զոհվել է կամ վիրավորվել, իսկ մնացածը ձեռք են բերել տարբեր հիվանդություններ»։

Մխիթարյանը պնդեց՝ հարցը պետք է լուծվի ոչ թե անհատական, այլ գլոբալ։

Մեկ այլ ծնող էլ նշեց, որ արդեն երեք ամսից ավելի որդուց որևէ լուր չունի, մինչդեռ երբ որդին զորամաս գնալուց հինգ րոպե ուշանում էր, զանգում, ասում էին՝ ուշանում ես։

Ծնողն ասում է՝ ունեն հստակ փաստեր, որ հրամանատարները փախել են և պահանջում են, որպեսզի նրանք պատժվեն․

«Վերջը չի երևում, չեմ հասկանում՝ ինչ է լինելու»,-ասում է  ծնողը։