Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հադրութի Saro vօdka-ն, Մարտակերտի վայրի մոշի գինին ու ձագի մեղրը՝ ցուցահանդես-վաճառքում (տեսանյութ)

Ձեռագործ աշխատանքներ, ոսկյա զարդեր, նկարազարդ լուսամփոփներ, գինի, պահածոներ, մեղր ու քաղրավենիք։ Եվ այս ամենը՝ տեղական արտադրողից։

Առաջին անգամ Արամ Խաչատրյան համերգասարահի ճեմասրահում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք։ «Ազդ» ընկերության, «Արմէքսպոյի» և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  համատեղ նախաձեռնությունն է։ Նպատակը տեղական, և հատկապես արցախցի արտադրողին աջակցելն է։

Այցելուների ուշադրության կենտրոնում Հադրութի «Սարո վոդկա»  արտադրանքն էր։ Հոնի, վայրի տանձի ու թթի օղիների վերջին շշերն են վաճառքի հանել։ Այն, ինչ հասցրել են փրկել ու բերել Երևան։ 

««Սարո վոդկա»-ն երեսունհինգ տարվա պատմություն ունի։ Հայրս է հիմնել Հադրութի Մեծ Թաղեր գյուղում և իր անունով էլ անվանել է»,- ասում է Անդրեյ Սարյանը։ Թե ինչ պետք է անեն, որտեղ պետք է ապրեն, առայժմ չգիտի, բայց մի բանում վստահ է, որ նոր արտադրամաս կդնեն ու կերազեն, որ մի օր պետք է Հադրութ վերադառնան։ 

Սասուն Մանուկյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է եկել։ Ժամկետային  զինծառայողը պատերազմում բեկորային վնասվածքներ է ստացել և նոր է դուրս գրվել հոսպիտալից։ 

«Որոշել էի հետախույզ դառնալ, բայց դե նման վնասվածքներով հիմա դա հնարավոր չէ,- ասում է Սասունը։ - Ընտանեկան բիզնես ունենք՝ մեղու ենք պահում, գինի ու օղի քաշում, մուրաբաներ ու կոմպոտներ եփում, ես էլ կփորձեմ այս բիզնեսը զարգացնել, մարքեթինգով զբաղվել»։