Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ութ հոգանոց ընտանիքը դրսում հայտնվելու եզրին է (տեսանյութ)

Մուրադյանների 8 հոգանոց ընտանիքն այսօր վտարվում էր Ավան Առինջ միկրոշրջանում գտնվող իրենց մեկ սենյականոց բնակարանից։

2014 թվականին Տաթևիկ Մուրադյանը ծնողների բնակարանը բիզնեսի նպատակով գրավադրել է, երկու տարի անց Մուրադյանի հիմնադրած ԱՁ-ն լուծարվել է, վարկը չվճարելու պատճառով Մուրադյանների բնակարանը աճուրդով այս տարի վաճառվել է 

Տաթևիկ Մուրադյանը պնդում է՝ բնակարանը ազատելու համապատասխան ծանուցում չի ստացել․

«Ամսի 8-ի երեկոյան եկել են անձամբ ասել, որ ծանուցումը ուղարկել են Ազդարարի միջոցով, բայց ես չեմ ստացել։ Երկու օրվա ընթացքում 8 հոգանոց ընտանիքով, երեք երեխաների հետ ու՞ր գնանք»։

Տաթևիկը արդեն յոթ տարի ամուսնու և երեխաների հետ բնակվում է ծնողների տանը, որտեղից  էլ իրենց վտարում են այսօր, ասում է, որ այս պահին գնալու տեղ չունի․

«Ոչ մեկ չկա, որ կարող եմ գնալ, իրենց տանը մնալ»։

Ալեքսանդր Ամարյանը, ով ներկայացնում է Մուրադյանների շահերը, ասում է՝ ուսումնասիրությամբ պարզել են, որ այս գործում կոպիտ խախտումներ են արձանագրված տարբեր մարմինների կողմից։

 «Միայն տեղեկացնում են, որ բակարանը գնահատվել է այսքան գումար, դրվում է աճուրդի, սկսվում է պանդեմիան, պատերազմը, մեկ էլ հանկարծակի թուղթ է գալիս, որ բնակարանը  վաճառվել է առաջին աճուրդից։ Նոյեմբերի 26-ին թուղթ է գալիս, որ բնակարանը արդեն վաճառվել է, գործը հանձնվել է օպեր բաժին, օպեր բաժինն էլ չի նշում կոնկրետ  բանակարանը ազատելու օրը, ամսի 8-ին գալիս են, ասում են՝ երկու օր հետո գալիս ենք վտարելու»։

Նկարահանման պահին բնակարանի երեք անչափահաս երեխաները հարևանի տանն էին, մայրը պատմեց, որ  7-ամյա տղային տնից մի կերպ է դուրս հանել, երեխան հայտնվել է սթրեսային վիճակում։

Պարզաբանում ստանալու համար «Ա1+»-ը դիմեց Դատական հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, այնտեղից  մեզ փոխանցեցին՝ նոյեմբերի 9-ին Մուրադյաններին առաջարկվել է 15-օրյա ժամկետում ազատել վտարման ենթակա հասցեն: Նշված գրության  օրինակը հաջորդ օրը առձեռն հանձնվել Տաթևիկ Մուրադյանին: Արդեն նոյեմբերի 26-ին բնակարանը հարկադիր վտարելու մասին  որոշում է կայացվել, և օրը նշանակվել է այսօր՝ դեկտեմբերի 11-ը։

Ծառայությունից ասացին,որ բնակարանը հարկադիր վտարելու մասին որոշումը տեղադրվել է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում՝ Ազդարարում,  իսկ պարտապանները  դեկտեմբերի 8-ին  հրաժարվել են բնակարանը հարկադիր վտարելու մասին որոշման օրինակը առձեռն ստանալուց։

 

ԴԱՀԿ-ի պատասխանն առավել մանրամասն ստորև․

 

                                                Տեղեկանք

 

Թիվ 06193906 կատարողական վարույթի վերաբերյալ

 

Պարտապան Արմենակ Մուրադյան, Հայկանուշ Մուրադյան, Ա/Ձ Տաթևիկ Մուրադյան

Պահանջատեր «Յունիբանկ» ԲԲԸ

Գնորդ՝ Վարդուհի Քիշմիրյան   

 

     Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.05.2020թ. տրված թիվ ԵԿԴ/2122/17/16 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնում հարուցված թիվ 06193906 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում Երևան քաղաքի, Ավան-Առինջ 3 շենքի 64 բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով 15.10.2020թ. վաճառվել է։

Երևան քաղաքի, Ավան-Առինջ 3 շենքի 64 բնակարանի նոր սեփականատերը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հասցեագրված 29.10.2020թ. դիմումով, խնդրել է նշված հասցեն զբաղեցնող անձանց վտարել։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնից թիվ 06193906  կատարողական վարույթը 02.11.2020թ. փոխանցվել է Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժին` վտարման գործողություններ կատարելու համար: 

06.11.2020թ. կատարողական վարույթն ընդունվել է վարույթ:

09.11.2020թ. թիվ Եօ-4190/09 գրությամբ Երևան քաղաքի, Ավան-Առինջ 3 շենքի 64 բնակարանի բնակիչներին առաջարկվել է 15 օրյա ժամկետում ազատել վտարման ենթակա հասցեն: Նշված գրության մեկ օրինակը 10.11.2020թ. առձեռն հանձնվել է Արմենակ Մուրադյանի դուստր՝ համապարտ-պարտապան Տաթևիկ Մուրադյանին:

 09.11.2020թ. թիվ Եօ-4190/09 գրությունն փոստով ուղարկվել է կողմերին, որը  Արմենակ Մուրադյանը ստացել է 12.11.2020թ.:

26.11.2020թ. որոշում է կայացվել բնակարանը հարկադիր վտարելու մասին  /գրություն 26.11.2020թ. թիվ Եօ-4397/09/ և որոշվել է Երևան քաղաքի, Ավան-Առինջ 3 շենքի 64 բնակարանից վտարել  Արմենակ Մուրադյանին, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցված չէ: 

Հարկադիր վտարման գործողությունների սկիզբ է նշանակվել 11.12.2020թ. ժամը 11:00-ին:

Բնակարանը հարկադիր վտարելու մասին որոշումը 26.11.2020թ. տեղադրվել է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում /Azdarar.am, նույնականացման համար 779965/: 

Պարտապանները  08.12.2020թ. հրաժարվել են Բնակարանը հարկադիր վտարելու մասին որոշման օրինակը առձեռն ստանալուց /առկա է արձանագրություն՝ որոշումները չստանալու  վերաբերյալ/, որը նաև տեսաձայնագրվել է:



Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն