Դրամական աջակցություն կտրամադրվի անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎեց ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն կտրամադրվի անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքներին։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այսօր գործող կարգավորումներով՝ գոյություն ունի ժամկետ, երբ պետք է անհետ կորածի կարգավիճակը հստակեցվի: Այս նախագծով առաջարկվում է աջակցությունը տրամադրել մինչ կարգավիճակի հստակեցումը։
Սույն որոշմամբ անհայտ կորած են համարվում ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։
Աջակցությունը տրամադրվելու է բյուջեի կողմից, այս պահին 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ օրենսդրությունը պահանջում է, որ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում, դրա համար օրենսդրությամբ առաջարկում են կրճատել ժամկետները, որպեսզի գործընթացն արագանա․
«Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տեւելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհայտ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տա, մինչեւ իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։