Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ հարց բարձրացրեց, թե պատերազմից հետո ինչպես ուշքի գալ և շարունակել ապրել, ապա ավելացրեց՝ նախ անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք ընդունել պարտությունը․
«Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես։ Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ բերելու, բայց պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել»,-հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ ծանր լինի․
«Երկկողմ դիվանագիտական կապերի հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները, իհարկե, չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»։
Քոչարյանը հավելեց՝ տնտեսական քաղաքականությունը կարող է հիմնված լինել բանակի վերակառուցման անվտանգության ձևավորման հիմնախնդիրների շուրջ։