Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գևորգ-Սիմոնյան
A A
Հասարակություն

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն ազատվել է պաշտոնից

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը Սիմոնյանը հայտնել է ֆբ-ի իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որոնք գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով մարդկային կյանքեր են փրկել։

 

Սիմոնյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայող, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։

Պատերազմի ընթացքում կենտրոնի ենթակայությամբ գործող շուրջ 40 շտապօգնության մեքենաներով կազմակերպվել է  սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթացը։

Ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ։ Մասնավորապես 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով։ Ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրել է  ախտորոշման ճշգրտությունը։

Սիմոնյանն անդրադարձել է նաև աշխատողների աշխատանքային պայմանների բարելավմանը։ Մասնավորապես  2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմել է  շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ։

 

Նա նաև դրական է գնահատել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքերը, որը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել)։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Այրվածքաբանության ազգային կենտրոնում գտնվող վիրավոր զինծառայողներին էին այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։