ԱԺ-ն պետք է հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որ եռակողմ հայտարարությունը չդառնա ԼՂ հարցի լուծման կոնցեպ․ Իգիթյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲոլորը պետք է մտահոգվեն և այնպես անեն, որ Հայաստանում բախումներ չլինեն։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնելով երկու կողմերից հնչող հայտարարություններին․
«Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և չեմ տեսնում իրավիճակից դուրս գալու որևէ առաջարկ, ընդհակառակը՝ մարդկանց ագրեսիվության տանելու հորդորներ եմ տեսնում և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։ Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչել, բայց ինձ թվում է, որ երբ պետությունը վտանգված է, մարդիկ պետք է ոչ թե մարդկանց իրենց շուրջ միավորեն, այլ՝ իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկեն»,- նկատեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Իգիթյանի համոզմամբ՝ վտանգը գալիս է Թուրքիայից, մենք պետք է մեր սփյուռքը համախմբենք այս վտանգի շուրջ և հասկանանք՝ ինչպես դուրս գանք իրավիճակից։
Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե Փաշինյանը եթե հրաժարական չտա, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի, Իգիթյանն ասում է՝ իրավապահ համակարգը պետք է աշխատի և ապահովի բոլորի անվտանգությունը, իսկ օրենք խախտող ցանկացած մարդ պետք է պատժվի։
Իշխող ուժի պատգամավորը պնդում է՝ ազգային միասնությունը լինում է ոչ թե մեկ մարդու հրաժարականի պահանջի, այլ՝ գաղափարների և ծրագրերի շուրջ։
Հովհաննես Իգիթյանի պատկերացմամբ՝ դիվանագիտության ամբողջ կորպուսը պետք է միավորել, բայց հակառակն է տեղի ունենում։
ԱԺ պատգամավորն ընդգծում է, որ այսօր պետք է միավորվել պետության շուրջ, ոչ թե առանձին անհատների․
«Ես միշտ պետության համար եմ աշխատել, ինձ համար միեւնույնն էր պետության ղեկավարը Տեր-Պետրոսյանն է, Քոչարյանը, Սերժը, թե Փաշինյանը, ինձ համար գոյություն ունի Հայաստան, ես կարող եմ դուրս գալ և որպես հասարակ քաղաքացի էլ աշխատեմ Հայաստանի համար»։
Իգիթյանի խոսքով՝ եռակողմ հայտարարությունը որպես տեքստ արդարանալու բան չէ․
«Ես համաձայն չեմ, որ այդ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է, ես հիմա աշխատում եմ, որ այդ հայտարարությունը չդառնա Մինսկի խմբի բանակցային կոնցեպտի մաս»։
Իգիթյանը պնդում է՝ ԱԺ-ն պետք է հայտարարություն անի և իր անհամաձայնությունը հայտնի, որ հայտարարությունը չդառնա ԼՂ հարցի լուծման կոնցեպը և համարվի միայն պարտադրված զինադադարի պայման, որը ուղղակի փրկեց հազարավոր կյանքեր․
«Եղավ անարդարություն առնվազն Արցախի հայության հանդեպ, եղավ հայտարարության այն մասը, որտեղ ասում է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները, դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերում, հադրութցիներին, շուշեցիներին, գյուղերի բնակիչներին չի վերաբերո՞ւմ»։
Իգիթյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում ստորագրված ցանկացած փաստաթուղթ չի կարող համարվել պայմանագիր։