Անհետ կորածների ցուցակն այս պահին նվազման միտում ունի. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհետ կորածների ցուցակը այս պահին նվազման միտում ունի,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցադրմանը։ Նախարարի փոխանցմամբ՝ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ողջ և առողջների ցուցակում։ Ինչ վերաբերում է անհետ կորածների ընտանիքներին սոցիալական երաշխիքներ տրամադրելուն, Պաշտպանության նախարարն ասում է՝ նրանք կկարողանան օգտվել և՛ հիմնադրամի, և՛ պետական բյուջեի հնարավորություններից․
«Հարուցված քրեական գործերը բավականին մեծածավալ են, և համապատասխան կառույցները չեն հասցնում համապատասխան կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել մեզ։ Ամեն ինչ արվելու է, որ այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, շատ արագ ունենան պետական աջակցություն»։
Տոնոյանը հիշեցրեց՝ Պաշտպանության նախարարությունում ստեղծված է հանձնաժողով, որն աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ։
Նշենք, որ այսօրվա Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին ևս ընդդիմությունը չի մասնակցում։