Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել (տեսանյութ)

Այն, ինչ այսօր առկա է Հայաստանում, կարող ենք գնահատել որպես քաղաքական ճգնաժամին մոտ իրավիճակ,-ասում է  «Դետեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

«Շատերն ասում են, որ այն, ինչ այսօր առկա է Հայաստանում, քաղաքական ճգնաժամ է, բայց ես այդ թեզի հետ համեմատիտ չեմ, քանի որ քաղաքական ճգնաժամն իրենից ներկայացնում է մի իրավիճակ, երբ քաղաքական ինստիտուտների նկատմամբ կա տոտալ անվստահություն և նրանք չեն կարողանում համարժեք արձագանքել դրան և չեն կարողանում որոշումների կայացման գործընթացը նորմալ, բնականոն ձևով իրականացնել։ Այսօր մենք չգիտենք, թե հանրության մեծամասնությունը ինչպիսի դիրքորոշում ունի վարչապետի նկատմամբ»,- նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այս փուլում կա պետական կառավարման գործառույթների իրականացման  ոչ բավարար քանակ․ «Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում, որոնց լուծման հետ կապված կան լրջագույն կառավարչական բնույթի խնդիրներ և տեսնում ենք, որ կա լուրջ լարվածություն՝ իշխանության տարբեր ճյուղեր ներկայացնող անհատների միջև»։

Քաղաքագետը նկատում է, որ սկզբնական փուլում խորհրդարանը մոտ էր ճգնաժամին, բայց հիմա նրանք աշխատում են․ « Այ օրինակ,  եթե տեսնենք, որ խորհրդարանը չի կարողանում աշխատել, որ  չկա  փոխգործակցություն խորհրդարան – գործադիր իշխանություն և եթե տեսնենք, որ շատ լուրջ փողոցային ընդվզում կա, կարող ենք ասել, որ Հայաստանում լրջագույն քաղաքական ճգնաժամ կա։ Բայց քանի դեռ այդ ամենը չկա, այլ կա լուրջ լարվածություն, մենք կարող ենք ասել, որ մոտ ենք կանգնած դրան, այլ ոչ թե դրա մեջ ենք»,-ասում է նա։

Ակցիաները ըստ Է․Վարդանյանի, կազմակերպում են կուսակցությունները, որոնք վերջին ընտրություններում ստացել են շատ փոքր ձայներ ի համեմատ կառավարող ուժի․ «Այդ քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են փոքրամասնության ձայները, իրենք ժողովրդի կողմից դիտարկվել են որպես հակաժողովրդավարական, հակասահմանադրական ուժեր և հեռացվել են իշխանությունից»։

Նրա խոսքով՝ այսօր  սոցցանցերում կա պառակտում․ «Մի մասն ասում է, որ պետք է լինի իշխանափոխություն, մի մասն ասում է, որ դա պետք չի, մյուս մասն էլ ասում է, որ պետք է լինի, բայց հետո։ Այդ պառակտումը դեռևս հասարակությունում չկա»։

Այս վիճակից դուրս գալու համար քաղաքագետի կարծիքով պետք է մոտեցումների լրջագույն վերանայում կատարվի․ «Մենք՝ որպես հանրություն  պետք է լուրջ վերաբերվենք միջազգային իրավունքին, միջազգային հարաբերությունների փոփոխություններին՝ դրանց տալով ադեկվատ արձագանք»,-նշում է նա ու ավելացնում, որ պետք է այնպես անենք, որ կախված չլինենք մեկ ուժային կենտրոնից, պետք է բալանսը պահպանենք ու շահերի բախման թատերաբեմից շահենք, ոչ թե օգտագործվենք որպես սուբյեկտ։