Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հավաքի մասնակիցները «հող հանձնողներ», «դավաճաններից մեկը» գրություններով բերել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկարները, դասավորել Ազատության հրապարակի աստիճաններին։
Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում տարածքում, հորդորում քաղաքացիներին դադարեցնել հավաքը, քանի որ երկրում հայտարարված է ռազմական դրություն։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հնարավոր է փոխել եռակողմ համաձայնագիրը․ «Համարյա 90 տոկոսով ռուսական խաղաղապահները տեղակայվել են, բայց մի բան կարելի է անել այդ փաստաթղթի հետ, Նիկոլ Փաշինյանը այդ չի անի»։
Բագրատյանը հիշեցրեց՝ անօդաչու թռչող սարքերի, Բայրաքթարների վտանգի մասին խոսել է հունվարին, ապա նաև մարտի 5-ին։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին «Ա1+»-ի հետ զրույցում նա ասել էր՝ թուրքական դրոնները վաղը գալու են Արցախի վրա, պետք է դրոնային հրետանի ունենալ։
Բագրատյանը համոզված է՝ համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել, իսկ օրինակ Քարվաճառի մասով որոշ կետեր կարող ենք չկատարել։
Նշենք, որ հավաքվածներին միացան ազատամարտիկներ, որոնց ծափահարություններով դիմավորեցին։