Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արցախի բուհերը դասերն անցկացնում են առցանց. Արցախի պետական համալսարանը կսկսի շուտով (տեսանյութ)

Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները պատերազմի պայմաններում դասերն անցկացնում են առցանց տարբերակով, Արցախի պետական համալսարանը կսկսի նոյեմբերի 10-ից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են իրենց աշխատանքը: Արցախի պետական համալսարանը սկսելու է նոյեմբերի 10-ից, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանն արդեն սկսել են առցանց պարապմունքները: Դասախոսական կազմն Արցախի դասախոսական կազմն է»,-ասաց նախարարը:

Ղարախանյանի խոսքով՝ առաջիկայում լուծելու են նաև արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ուսանողության կրթության կազմակերպման հարցը: Առաջիկայում վերջնարդյունքների մասին հայտարարությամբ հանդես կգան:

Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը, աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի, հայտնեց Լուսինե Ղարախանյանը:

Նա նախ հիշեցրեց, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում այս պահին Արցախում կա 70 և ավելի ավերված դպրոց, 10 և ավելի մանկապարտեզ, 10 և ավելի մշակութային օջախներ: Այս պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, ԲՈՒՀ-երի:

«Քանի որ պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են, և մենք, բառի բուն իմաստով, հնարավորություն չունենք Արցախում որևէ մակարդակում կրթություն կազմակերպելու մեր աշակերտության և ուսանողության համար, ուստի որոշել ենք Հայաստանում ապաստան գտած մեր աշակերտների և ուսանողների կրթությունը մինչև պատերազմի ավարտը կազմակերպել այստեղ»,-ասաց Ղարախանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել են արցախցի աշակերտների հաշվառման գործընթացը: Եվ արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ, սակայն դեռ կան չհաշվառվածներ ևս: «Այս պահին մեր աշակերտները գրանցվում են, հաշվառվում են նրանց կրթական կարիքները՝ մասնավորապես դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ: Եվ մենք համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում ենք նոյեմբերի 13-ին սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը»,-ասաց նա:

Առաջիկա երկու օրերին պարզ կլինի՝ տարրական օղակը կանցնի առկա ուսուցման, թե ոչ: Իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները պարապելու են առցանց:

«Հաշվառման համար ծնողները կամ դիմում են համայնքապետարանին, որտեղ հիմա գրանցված են կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը՝ կլինի դպրոց, թե պետական մանկապարտեզ: Փաստաթղթերի պարտադիր ներկայացման պահանջը հանվել է, Արցախից առանց փաստաթղթերի են եկած երեխաներին կհաշվառեն առանց դրանց: Դպրոցներում և մանկապարտեզներում հանված է լիցենզիայի սահմանափակ լինելու հարցը»,-ասաց նախարարը: