Հայրենիքին կյանքը նվիրած Արսենը
Աջակցիր «Ա1+»-ինԲացառիկ համեստություն ու եզակի զսպվածություն, ազնվություն և անմնացորդ ընկերասիրություն, նվիրվածություն. արցունքները կուլ տալով՝ մերօրյա հերոսին՝ Արսենին, բնութագրում են դասընկերները և մտերիմները։ Ամեն մի դժվարություն ժպիտով ու կատակով հաղթահարող զինվորը զոհաբերեց ամենաթանկը՝ կյանքը հանուն հայրենիքի։
Արսենը Հախվերդյաների ընտանիքի ավագ որդին էր։ Նա ծնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։ Մինչ բանակ զորակոչվելը՝ ընդունվել է համալսարան։ Իրավաբան պետք է դառնար։
Քույրը՝ Դիանան, արցունքները փորձում է զսպել, և եղբոր մասին խոսել ժպիտով, չէ որ ժպիտը Արսենի խաղաքարտն էր։
Ասում է՝ եղբոր միակ թուլությունը քաղցրավենիքն էր, ինչից նա երբեք չէր հրաժարվի.«Բայց սիրելի խմորեղենը մնում էր մայրիկի պատրաստած «Լիմոնով տորթը»։
Բանակ ճանապարհելու օրը Դիանան շատ տխուր էր, գիտակցում էր, որ եղբորը երկու տարի չի տեսնելու, նկատելով իր տխրությունը՝ Արսենը այդ օրը պատասխանում է. «Հետ եմ գալու, ցավդ տանեմ, որ Վերջին զանգիդ քեզ վարդեր բերեմ»,-արցունքներն այլևս զսպել չկարողանալով՝ հիշում է քույրը։
Բանակում աչքի է ընկել նաև իր կոկիկությամբ։ Հարգանքով և պատվով էր կրում զինվորական հագուստը, իսկ զինվորական կոշիկները այնպես փայլացնում, որ նույնիսկ մի անգամ հրամանատարը նկատողություն է անում այդպես մաքրելու համար։
«Մեր Արսենի սիրտը մաքուր էր». ասում են դասընկերները: Նա կարողանում էր բարդ իրավիճակները պարզեցնել, սուր անկյունները հարթել և իր հանգստությունն ու զսպվածությունը փոխանցել իր ընկերներին:
Դասընկերները պատմում են, որ հավաքույթների սիրահար է եղել, և հենց ինքն էլ դրանք կազմակերպել է ։
«Քեֆ-ուրախությունը» նրա կյանքի անբաժան մասն էր։ Րոպեների ընթացքում կազմակերպում էր, միայն թե ընկերները իր շուրջը հավաքված լինեին։ Իսկ աղջիկների համար ոչ թե դասընկերն է եղել, այլ ավագ եղբայրը։ «Մեզ միշտ տուն էր ճանապարհում և այնքան սպասում, մինչև տուն մտնեինք»,-հիշում է դասընկերներից Մարիամը։
Նա պատմում է, թե ինչ մեծ հպարտություն է զգացել, երբ դասընկերը ծննդյան օրը զանգել է սահմանից։ «Հիշում եմ՝ հունվարի մեկին՝ ծննդյանս օրը, ժամը 00։01-ին զանգ ստացա։ Ինքն էր, անսպասելի էր, այդքան մեծ նվեր անգամ ակնկալել չէի կարող։ Զգացածս բառերով բացատրել անզոր եմ»:
Պարտաճանաչությունը կարծես նրա երկրորդ անունը լիներ . սիրում էր ամեն ինչ անել ժամանակին և լիարժեք։ Բացթողումները, թերացումները նրա համար չէին։
«Այն գիտակցումը , որ Արսենը մեզ հետ չէ , անասելի ցավ է ։ Նա ուներ պարզ և անկեղծ բնավորություն։ Գուցե դա էր պատճառը, որ ընկերները շատ էին կատակում նրա հետ, խաղում էին նրա «հոգու հետ»,-հիշում է Արսենի դասղեկ Վահագն Հովհաննիսյանը։
Ընկերները պատմում են, որ բանակում լավագույն կրակողներից էր։ Կրակային քննությունից 5 էր ստացել, շուտ զանգել էր տուն ու ասել, որ որպես լավագույն զինվոր ուսման վճարը կիսով չափ կզեղչվի։
Ծնողներն էլ ասել են՝ դու միայն քեզ լավ նայի, վարձը մենք կտանք։ Նույնիսկ այդ ժամանակ ընտանիքի մասին էր մտածում։
Ճիշտ է, Արսենը դասարանի ամենապարտաճանաչ տղան էր, բայց 12-րդ դասարանի վինետկայի (խմբանկար) նկարվելու օրը ներկա չի եղել, իսկ Վերջին զանգի միջոցառման ժամանակ, երբ էկրանին ցույց էին տալիս դասարանի աշակերտների լուսանկարները, Արսենի նկարը «սելֆի» էր։
«Մենք վստահ ենք եղել ,որ մեր տղաները գալու են, ու այդ կապակցությամբ որոշել էինք մեծ «քեֆ» կազմակերպել»,-տխրում է դասընկերներից Շուշանը։
Բայց քեֆ լինելու է, ու իրականություն են դառնալու Արսենի ծրագրերը, որոնք կիսատ մնացին,- խոստանում են ընկերները:
Անի Թամրազյան
ուսանող