Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը. Զ. Մնացականյանը՝ Դոյչե Վելլեին (տեսանյութ)

Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են: Ի՞նչ պատասխանատվություն են կրում Հայաստանը և այդ շրջանում ձեր կողմից սատարվող ուժերը շարունակվող մարտերի համար:    Զոհրաբ Մնացականյան. Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք լիովին հավատարիմ ենք եղել: Սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը: Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարություններում արտահայտված պայմանավորվածություններին: Դոյչե Վելլե. Պարոն նախարար, Դուք պնդում եք, որ հավատարիմ եք: Սակայն ցանկանում եմ ուղիղ հարցնել. շաբաթ օրն  ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանի կողմից հրթիռակոծման արդյունքում մեկ գիշերվա ընթացքում 14 մարդ է զոհվել, 14 մարդ Գյանջայում՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում: Դուք պնդում եք, որ հավատարիմ եք. ո՞րն է Ձեր պատասխանատվությունը:   Զոհրաբ Մնացականյան. Թույլ տվեք դրան անդրադառնալ համապատասխան համատեքստում. հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, պետք է կրակի դադար հաստատվեր: Արցախի ուժերը լիովին հանձնառու էին այս համաձայնությանը, մենք զսպվածություն ենք դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը շարունակվում էր, Արցախի մեր բնակավայրերը շարունակաբար ենթարկվում էին հրետակոծության, օդային ռմբակոծության և հրթիռակոծման, ԱԹՍ-ները ծանր հարվածներ էին հասցնում քաղաքներին և գյուղերին: Այս պահի դրությամբ մենք ունենք 38 զոհ խաղաղ բնակիչների շրջանում, 116 ծանր վիրավոր և ավելի քան 8000 ոչնչացված ենթակառուցվածք ու անշարժ գույք: Դոյչե Վելլե. Դուք ունեք զոհեր, մյուս կողմն ասում է, որ իրենք էլ ունեն զոհեր:  Ադրբեջանցիներն ասում են, որ մարտերից ի վեր 60 մարդ զոհվել, իսկ 270-ը վիրավորվել են: Ուստի, ես պարզապես ցանկանում եմ Ձեզ հարցնել, քանի որ այս պահին Ձեզ հետ եմ հարցազրույց անցկացնում. երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում, նրանք պնդում են, որ դուք եք սկսել, դուք պնդում եք, որ նրանք են սկսել: Ինչ-որ մեկը կամ ձեզանից որևէ մեկը ստում է: Եվ դա այդքան էլ լավ նշան չէ երկու երկրների համար, որոնք պետք է միասին նստեն և գտնեն հակամարտության խաղաղ լուծումը, այնպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Գերազանց դիտարկում էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վերաբերյալ: Սա հենց այդ զարտուղի ճանապարհն է, որն ընտրվել է՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու մեջ ներգրավելու և  խաղաղ բնակչության,  Արցախի վրա հարձակումները շարունակելու համար: Մենք շարունակաբար առաջարկել ենք ներդնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներ: Եթե հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, որևէ կերպ մեղադրվում են, ապա եկեք անենք այդ քայլը և հաստատենք վերիֆիկացիոն մեխանիզմներ և այդպիսով վերջ դնենք այս ամենին: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից` շարունակաբար մերժելով այդ առաջարկները, քանի որ սա խաբեության և մեզ այդ խաղի մեջ ներգրավելու շատ հարմար միջոց է` վստահեցնելով միջազգային հանրությանը, որ առաջ գնալու ճանապարհ չկա: https://a1plus.am/hy/article/383252