Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կոչ՝ բարեկամական երկրին». խաղաղ հավաք Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Վրաստանի դեսպանատան մոտ այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր նամակ փոխանցեցին Վրաստանի դեսպանատանը, որում կոչ էին անում հարևան երկրին թույլ չտալ Ադրբեջանին իր տարածքով անցկացնել զենքեր և վարձկաններ․

«Ադրբեջանական և թուրքական կողմերը շարունակում են օդային ճանապարհով քաղաքացիական օգնության տակ անցկացնել զենքեր, որոնք հետագայում օգտագործվում են Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ»,-ասում է հավաքի մասնակիցներից Գարիկ Սարգսյանը և հավելում, որ թեև Վրաստանը գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման կարևորությունը, այնուամենայնիվ՝ վեր է դասում իր տնտեսական շահը․ «Վրաստանը ևս գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի արանքում, և թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմը բավականին ուժեղ նպաստում ենք Վրաստանի տնտեսությանը, այսինքն՝ դեմ գնալ մեզնից ցանկացածին, նշանակում է՝ ունենալ տնտեսական մեծ կորուստներ, կարծում եմ՝ սա է պատճառը, որ նրանք վախենում են գործել»։

Սարգսյանը համոզված է՝ Հայաստանից հետո հաջորդ թիրախում լինելու են Վրաստանը և Իրանը։ Հավաքի մասնակիցները շեշտեցին՝ դեսպանատան մոտ հավաքվել են բարեկամական երկրին իրենց կոչը ուղղելու, և Վրաստանը շարունակում է մնալ մեր հազարամյա բարեկամ երկիրը․

«Այս պահին Հայաստանը միայնակ պայքարում է միջազգային տեռորիզմի դեմ, և այս հարցում Ադրբեջանը ստանում է օգնությունը Թուրքիայի, որը երբեմն անցնում է Վրաստանի օդային տարածքով։ Եթե մեր այսօրվա ակցիայի արդյունքում այս միտքը հասնի Թբիլիսի, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք»։