ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ աշխարհազոր ստեղծելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Գաբրիել Բալայանը մանրամասն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծին, որով սահմանվում են աշխարհազորի ստեղծման, ղեկավարման և աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը պարզաբանել է աշխարհազորի գործունեության հիմնական սկզբունքները, ստեղծման նպատակներն ու անհրաժեշտությունը, կտրականապես հերքել այն տեսակետը, թե նախագիծը ենթադրում է զինված մարդկանց առկայություն փողոցում: «Համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի անմիջական առկայության դեպքում: Զենք բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում:
Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու, ինչը նշանակում է, որ քաղաքում զինված մարդիկ չեն շրջելու»,- շեշտել է Գաբրիել Բալայանը։ Աշխարհազորը կկազմակերպվի քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր և կգործի ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից։ Աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան անձինք։ Հավաքագրման գործընթացը խաղաղ պայմաններում կամավոր բնույթ է կրելու, իսկ զորակոչվելուց հետո արդեն աշխարհազորայիններին կտրվի զինծառայողի կարգավիճակ` դրանից բխող սոցիալական երաշխիքներով։ Անդրադառնալով աշխարհազորի կազմավորման անհրաժեշտությանը, Գաբրիել Բալայանը նշել է. «Իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, և դրան պետք է արձագանքել։ Բացի այդ, կամավորականներին պետք է կազմակերպել` նրանց գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Եվ այս նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգելու այդ գործընթացները»։ Փոխնախարարը շեշտել է, որ աշխարհազորի առաջարկվող մոդելը հայկական է, չնայած այլ երկրների փորձը, իհարկե, ուսումնասիրված է: Նախագծի համաձայն` մարտական գործողությունների դեպքում հրամանատարներ են դառնում համայնքների ղեկավարների և մարզպետերի տեղակալները: Նախատեսվում է նաև, որ այդ պաշտոնները կզբաղեցնեն պաշտոնաթող զինվորականներ: Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու, սակայն առաջին փուլում նրանք մարտական գործողությունների չեն մասնակցի։