Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ստանալ առավելություն․Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

Ադրբեջանն այսօր իր առջև խնդիր է դրել հարցը լուծել ոչ թե բանակցային ճանապարհով, այլ ռազմական։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հիշեցնելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու՝ մի քանի օր առաջ արված հայտարարությունը, թե կարևոր չէ՝ ով է առաջինը սկսել, ով պատասխանել, սահմանին կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների։

Հարությունյանը հիշեցնում է նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերջին շրջանի հայտարարությունները և շեշտում, որ դրանք մեկ բանի մասին են փաստում՝ Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանը տեսնում է ռազմական ճանապարհով․

«Ալիևը հրապարակային հայտարարում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղում է ուժի գործոնը, Ալիևը նաև հունիսի 3-ին հայտարարեց, որ Հայաստանի այսօրվա տարածքը հին Ադրբեջանի տարածքն է, խոսքը գնում է ողջ Հայաստանի մասին։ Ելույթ է ունենում նախկին արտգործնախարարը և հայտարարում, որ մենք ի վիճակի ենք Նախիջևանից խփել Երևանին, միտքը շարունակում է Զաքիր Հասանովը հուլիսի 26-ին և ասում նույն բաները, որ գնալու են  հարցի ռազմական ճանապարհով լուծման, ոչնչացնելու են Հայաստանի թիրախները»։

Հարությունյանը համոզված է՝ Ադրբեջանն իր առաջ խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը, ստանալ առավելություն․

«Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ուժեղացնում են բանակը, ժամանակ առ ժամանակ հասնում են հաջողությունների, նույն Ալիևը հայտարարում է, որ կսպասեն նախապայմանների, որպեսզի սկսեն պատերազմ։ Հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը ունի խնդիր բարելավել իր դիրքերը, և երբ կստեղծվեն այդ պայմանները, սկսել լայնածավալ պատերազմ»։

Պաշտպանության նախկին նախարարը վստահեցնում է՝ այսօր տարածաշրջանում Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի չէ, և եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա պարտվելու է․

«Մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը, և իրենք սա շատ լավ պատկերացնում են»։

Հարությունյանը հիշեցնում է 1994 թվականին կնքված զինադադարի մասին և նկատում, որ զինադադարի ռեժիմի այս կոպիտ խախտումները վկայում են  այն մասին, որ նրանք միջազգային փաստաթղթերը, պայմանագրերը անընդունելի են համարում․

«Այս օրերի միջադեպը ծնվեց չեղած տեղից։ Այն, որ Ադրբեջանի բանակը հստակ չի ղեկավարվում, բերեց այս միջադեպին։ Մեր բանակը գործել է հստակ, գրագետ և թույլ չի տվել հակառակորդին լուծել իր առջև դրված խնդիրները»։

Ադրբեջանը պարտություն կրեց նաև միջազգային հարթակներում,- ընդգծում է Հարությունյանն ու հիշեցնում գործողությունները դադարեցնելու միջազգային կառույցների և պետությունների հորդորները։

Պաշտպանության նախկին նախարարը համոզված է՝ միջազգային հարթակներում բոլորը գիտեն, որ մեզ պատերազմ պետք չէ, և մենք պատրաստ ենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, ինչը սակայն, չի նշանակում, որ մենք խուսափում ենք պատերազմից,եթե Ադրբեջանը դա սկսի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, Հարությունյանը նախ տնտեսական գործոնի մասին է հիշեցնում, ասում է, որ այնտեղ հիմնական բյուջեն գոյանում է նավթադոլարներից և այսօր, երբ նավթի գները ընկել են, Ադրբեջանը բյուջեն լրջագույն խնդիրներ ունի, ինչն էլ իր հերթին սոցիալական պրոբլեմների է բերում, մյուս կողմից Ադրբեջանի ներքին կյանքը ղեկավարվում է կլաններից և ներիշխանական պայքար է գնում,-ասում է Հարությունյանը հավելելով, որ այս ֆոնին Ադրբեջանը փորձում է դա մեղմել՝ ստեղծելով սահմանային լարվածություն։

Ինչ վերաբերում է հակահայկական տրամադրություններին, Հարությունյանը համոզված է՝ դրանք գալիս են Թուրքիայի քաղաքականությունից․

«Թուրքիան, ունենալով նպատակ վերականգնել Թուրքական կայսրությունը, արջի ծառայություն է մատուցում Արդբեջանին, հրահրում է պատերազմ և դրա միջոցով փորձում է լուծել նեոօսմանիզմի խնդիրները»։

Պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ 2016-ի ապրիլին ևս Թուրքիան նույն հայտարարություններն էր անում և հրահրում պատերազմ։