A
A
Սա իմ ամենամեծ պարտությունն էր հեղափոխությունից հետո․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ։ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց բռնության գործադրումը իր բոլոր դրսևորումներով, որովհետև ըստ նրա՝ բռնությունը ոչ միայն ֆիզիկական է լինում, այլև բարոյական, հոգեբանական։
«Պետք է ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների։ Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններ են տարածում պատգամավորների վերաբերյալ, և այս ամենն ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը և քայքայել քաղաքական մեծամասնության և ժողովրդի միջև առկա վստահությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ երեկ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը, պարոն Մարուքյանին ասել է, որ հիմքեր ունեն կասկածելու, որ նա և նրա գործունեությունը հոգեբանական, բարոյական բռնությունները գործարկելու պլանի մի անբաժանելի մասն է։
«Դիտելով այսօր տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը այնտեղ կանգնած և երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ համար»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը քստմնելի սադրանք որակեց և դատապարտեց նաև այն, որ իրենք տրվում են այդ սադրանքներին, որովհետև իրենք իրավունք չունեն տրվելու սադրանքների։
«Նրանք մեզ ուզում են պադյեզդներում իրենց ծեծողներ դարձնել, նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարկշռությունից»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց․
«Սա համարում եմ մեր և իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո։ Բայց սա թող որևէ մեկին հուսավառ չանի»,- հայտարարեց վարչապետը ու արտասանեց հեղափոխության հայտնի երգի տողերը։
Մանրամասները՝ տեսանյութում։