Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախկին 4 վարչապետերը ներկայացան Քոչարյանի գործով դատական նիստին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  հերթական դատական նիստը։ Նիստին ներկայացել են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նրանք Ռոբերտ Քոչարյանի ազատման համար անձնական երաշխավորություն են ներկայացրել: Այս  հարցը պետք է քննվեր դեռևս մարտին, սակայն դատավորի առաողջական խնդիրների պատճառով նիստերը հետաձգվել էին: 

Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, վերջինս առողջական խնդիրներ ունի և պետք է ենթարկվի վիրահատության: Նա դատարան ներկայացրել է Իզմիրյան բժշկական կենտրոնից: 

Դատական նիստին քննարկվելու են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ  3 միջնորդությունները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։ 

Առաջինը քննարկվում է անձնական երաշխավորության հարցը: 

Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով նախկին վարչապետների կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը, դատավոր Աննա Դանիբեկյանին մեղադրեց որպես վարույթ իրականացնող մարմին առանձնահատուկ ջանասիրություն չդրսևորելու մեջ:

Այուհետև ներկայացրեց վարչապերի համատեղ դիմումը, և նիստերի դահլիճ հրավիրվեցին նախկին վարչապետերը:

Վերջիններս ստորագրեցին դատարանի կազմած արձանագրությունը, որով պարտավորվեցին ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը,  ապա հեռացան նիստերի դահլիճից:

Պաշտպանական կողմը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի, հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է և պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեծապես ներգրավված է եղել Արցախյան ազատամարտում:

Վարդևանյանը ուշադրություն հրավիրեց նաև երաշխավորություն ներկայացնողների հեղինակության վրա: 

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է 2008 թվականին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։