«Պարգևավճար են ստանում կոկորդիլոս բուծելու համա՞ր, այդ փողը տվեք իրավապահներին՝ թալանածը հետ բերեն» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության ծրագրի 2019 թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի վերաբերյալ ԱԺ պատգամավորները շարունակում են ելույթներ ունենալ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» գոհ չէ կատարած աշխատանքից․ պատգամավորների ելույթները քննադատական են։ Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հիշեցնում է Կառավարությանը 2019թ․-ի ծրագրի մասին ու ընդգծում, որ գործադիրը հանրային համերաշխության մակարդակի բարձրացման նպատակով մտադիր էր գործուն միջոցներ ձեռնարկել հանրային կյանքի բոլոր ոլորտներում բռնության դեպքերի նվազեցման և բացառման ուղղությամբ։
Սակայն, պատգամավորը թվեր ներկայացրեց, որոնց համաձայն՝ հանցագործությունների թիվն աճել է։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հիշեցրեց վերջերս Գավառում տեղի ունեցած սպանությունները և հիվանդանոցի վրա հարձակումը։
«Սա նշանակում է, որ 2019թ․-ին չի արվել գոնե այն նվազագույնը, որ մարդիկ ոստիկանության գոյությունից գոնե զգաստանան։ Պարոն վարչապետ, Դուք ասում եք՝ համակարգում կան դավաճաններ, Դուք տարբերակներ ունեիք այդ հարցը լուծելու համար։ Օրինակ՝ Դուք պիտի շոկային փոփոխությունների ենթարկեիք համակարգը, հեռացնեիք դավաճաններին, բայց չեք արել։ Երկրորդ տարբերակն այն էր, որ Դուք կարող էիք այդ դավաճաններին նվիրյալներ դարձնել, այնպիսի կառավարում իրականացնել, որ այդ մարդիկ դառնան նվիրյալներ, բայց հիմա Դուք աչքի տեղն էլ ունքն եք հանում»,- ընդգծեց նա։
Տիկին Սամսոնյանը, շարունակելով ելույթը, հավելեց, թե չի պատկերացնում, որ այն համակարգում, որում վարչապետը դավաճաններ է փնտրում, մարդիկ պիտի աշխատեն ու թալանածը հետ բերեն։
Այս համատեքստում Անի Սամսոնյանը հարց ուղղեց, թե ո՞րն է այս պահին կաևորագույն ինստիտուտը՝ իրավապահ համակա՞րգը, թե մարզպետարանները։
«Ինչի՞ համար են մարզպետները պարգևավճար ստանում՝ կոկորդիլոս բուծելու համա՞ր, համայնքի ղեկավարների վրա հոխորտալո՞ւ, թե՞ ներդրումային սպամեր անելու համար։ Այդ փողը վերցրեք ու տվեք իրավապահ համակարգին՝ Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, թող աշխատեն ու երկրի թալանածը հետ բերեն»,- շեշտեց Անի Սամսոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում