Ամենամեծ ձախողումը հեղափոխությունից հետո Օսիպյանի եւ Վանեցյանի նշանակումն էր․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցներ ներկայացնելուց հետո, ԱԺ պատգամավորները ելույթներ ունեցան։ Մասնավորապես՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը թվարկեց Կառավարության ձախողումները՝ սկսած հեղափոխությունից, վերջացրած 2020թ․-ի ընթացիկ արդյունքներով։
«Վերջին օրերի զարգացումները բավարար են, որ փաստվի, թե իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները անբավարար են, եթե չասենք՝ թերի, երբեմն՝ փնթի աշխատանքի արդյունք։ Տպավորություն է, որ մենք գործ ունենք Ոստիկանության և ազգային անվտանգության մարմիննների որոշ շրջանակների կողմից պետության դեմ կազմակերպված դիմադրության հետ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Արման Բաբաջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ ձախողումը հեղափոխությունից հետո վարչապետի՝ ուժային կառույցների ղեկավարների նշանակումներն էին։ Խոսքը նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է։ Արման Բաբաջանյանը համամիտ չէ վարչապետի հայտարարության հետ, թե Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։
«Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնեսի արտոնություններ ստանալ։ Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա»,- ընդգծեց նա։
Արման Բաբաջանյանը խոսեց նաև դատական համակարգի մասին։ Ըստ նրա՝ կան դատավորներ, որոնք նախկին իշխանությունների կամակատարներն են, որոնք խոչընդոտում են Հայաստանում օրինականության և իրավականության հաստատմանը։
«Նախորդ տարի ձախողեցինք դատական համակարգում իրական զտում, վեթթինգ իրականացնելու, անցումային արդարադատության գործիքներ ներդնելու նպատակադրումները, որոնք կարող էին ազատագրել դատական իշխանությունը նախկին մնացորդներից, բայց մենք դա չարեցինք»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ երկու տարի առաջ մարդիկ ոտքի կանգնեցին, որպեսզի Հայաստանում արդարությունը վերականգնվի, մերժեցին նախկիններին, սակայն ըստ պարոն Բաբաջանյանի՝ այսօր իրավապահ համակարգի, դատական իշխանության ջանքերի պատճառով այդ տեղի չի ունենում։
Մանրամասները՝ տեսանյութում։