Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարության աջակցության նոր ծրագրով ավելի քանի 1000 հոգի 10-15 օր կկարողանա աշխատել (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը:  Այն ենթադրում է նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների կազմակերպում և քաղաքացիների ներգրավում:

Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, կառավարության մամուլի կենտրոնում ներկայացնելով ծրագիրը, ընդգծեց, որ այն կիրականացվի 6 մարզերում՝ Շիրակ, Վայոց ձոր, Սյունիք, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք:

Քարտեզագրվել են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է և անհրաժեշտ է ունենալ նման անտառաշերտեր,-տեղեկացրեց նա:

Ծրագրին ներգրավված են 3 կազմակերպություն՝ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

Համայնքներում կտրվեն հայտարարություններ, և մարդիկ կկարողանան դիմել այդ աշխատանքին:

Ավելի քան 1000 աշխատող 10-15 օր կկարողանա աշխատել, -տեղեկացրեց փոխնախարարը և հավելեց.

«Այն գումարը, որը օրական կաշխատեն ծրագրի մասնակիցները, կլինի բավարար մակարդակի վրա, նախնական գնահատականներով՝ մեկ օրվա ընթացքում նվազագույնը կկարողանան 200 կտրոն պատրաստել և տնկել, այսինքն՝ ծրագրի յուրաքանչյուր մասնակից օրական կկարողանա աշխատել մինչև 10 հազար դրամ և ավելի»:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում է ցանկապատում, որտեղ ևս կպահանջվեն աշխատակիցներ:

Ընդհանուր ծրագրի համար նախատեսված է 200 մլն դրամ, և դրանով նախատեսված է տնկել մինչև 2 մլն կտրոն:

Մելիքյանը վստահեցրեց, որ աշխատանքը բավականին դյուրին է, բայց անհրաժեշտ և կարևոր է:

Ծրագիրը համակարգող կազմակերպությունները որոշակի մասնագիտական խորհրդատվություն կտան աշխատակիցներին, բայց այս աշխատանքի իրականացումը լուրջ մասնագիտական որոակումներ չի պարունակում: