Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քննարկվող նախագիծը լայն դաշտ է բացում պոպուլիստների համար. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

«Առաջարկվող նախագծով խորհրդարանից վերցվում է գործադիր իշխանության ծախերը վերահսկելու լիազորությունը»,-ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ-ում քննարկվող օրինագծին, կարծիք հայտնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը :

Նա ևս անթույլատրելի համարեց այս մոտեցումը, թեև ասաց՝ հասկանում է կառավարության մղումները:

Ինչ վերաբերում է նախագծի տնտեսական բաղադրիչին, Բաբաջանյանն ասաց՝ այստեղ ևս կան մտահոգություններ.

«Նախ կառավարությունը ցանկանում է պետական պարտքը մեծացնելու հնարավորություն ստանալ առանց հստակ և կոնկրետ ծրագրերի: Մեզ ասում է՝ տվեք մեզ պարտք վերցնելու հնարավորություն, մենք հետագայում կորոշենք ՝ ինչպես ծախսենք այդ միջոցները»:

Բաբաջանյանի պնդմամբ՝ սա շատ խոցելի է դարձնելու այդ միջոցների ծախսման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, մինչդեռ, ըստ նրա, ճգնաժամային պայմաններում բազմապատիկ կարևոր է ամեն մի լումայի ծախսման արդյունավետությունը:

«Գումար ներգրավելը մի բան է, դրա արդյունավետ ծախսելը լրիվ այլ բան է: Նախկինում մենք տեսել ենք՝ ինչ գումարներ են բերվել երկիր, ինչ վարկային միջոցեր են բերվել  կրկին ճգնաժամային իրավիճակի պատրվակով և տեսել ենք ՝ ինչպես են դրանք մսխվել»:

Ըստ Բաբաջանյանի՝ գումար ներգրավելու ներքին աղբյուրների թվում պետք է մտածել նաև խոշոր սեփականատերերի, նախկինում ինչ-ինչ պարագաներում պատկառելի միջոցների տեր դարձած գործարարների միջոցների օգտագործման մասին:

Այս մասով պետք է Կառավարությունը մշակի որոշակի ծրագրեր,-կարծում է պատգամավորը: 

Բաբաջանյանը ևս անդրադարձավ հայտարարություններին, թե մարդկանց պետք է գումարներ բաժանվեն.

«Քննարկվող նախագիծը լայն դաշտ է բացում պոպուլիզմի և պոպուլիստների համար, ինչը մենք տեսանք այս դահլիճում: Հասկանալի է՝ մեծ է գայթակղությունը խոսել մարդկանց փող բաժանելու, վարկային արձակուրդներ տալու և այլ հեշտ քայլերի, միջոցների մասին, սակայն կյանքն ու իրականությունը այդքան հեշտ ու միարժեք չեն։ Կառավարությունը ցանկացած քայլ նախաձեռնելիս պարտավոր է առաջնորդվել բոլոր ռիսկերը հավասարակշռելու մղումով, ինչը երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ»,- ասաց նա: