Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Գցոցու որևէ խնդիր չկա»․ Առողջապահության նախարարի խորհրդականը՝ չվճարված 170 միլիոն դրամ վարձավճարի մասին (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայլել Մանրիկյանին։ Հարցը վերաբերում էր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցների չվճարված վարձավճարներին։

«Խնդիրը հետևյալն է․ պետական բյուջեն անձնական գրպան չէ։ Ես կարծում եմ, որ որևիցե ելույթ ունենալուց առաջ պետք է ծանոթանալ՝ պետությունն ի՞նչ պայմանագրերով է աշխատում բժշկական կազմակերպությունների հետ և որից հետո նոր փորձել քննադատել»,- նշեց նա։ 
 
Ըստ Սարգսյանի՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (հայտնի է նաև որպես Նորքի սրտաբանական) 2019 թվականից գրեթե 1 միլիարդ դրամով ավելի բյուջե է ստանում, և եթե պետությունը պատվեր է տալիս բժշկական կազմակերպությանը, որ կոնկրետ ծավալի շրջանակներում կատարվի աշխատանք, արվում է այդ ծավալի։
 
«Ստեղ գցոցու որևէ խնդիր չկա։ Պայմանագրից դուրս կատարվել է աշխատանք, որը մնում է Առողջապահության նախարարության ֆինանսական հնարավորության կառուցման վրա։ Կա, ունի հնարավորություն փոխհատուցում է, չէ, խնդիրը այլ կերպ է լուծվում։ Շնորհակալություն»,- եզրափակեց նախարարի խորհրդականը։
 
Ի պատասխան Մանրիկյանն ասաց, որ իր համար սպասելի էր, որ թեման ցավոտ կլինի ԱՆ-ի համար։
 
«Պարո՛ն Սարգսյան, կատարվել է աշխատանք, կա չվճարված 170 միլիոն դրամ պետպատվեր, և ինչ-որ մեկը սրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից մեղավոր է Առողջապահության նախարարությունը, թե քաղաքապետարանը։ Ուրեմն եկեք պարզաբանենք՝ ով է մեղավորը, և այդ մեղավորին բերենք պատասխանատվության»,- շարունակեց ԲՀ խմբակցության ղեկավարը։
 
Ըստ նրա՝ մարդիկ կատարել են աշխատանք և դրա համար չեն ստացել վարձավճարներ։ «Պարո՛ն Սարգսյան դա կարող ենք առանձին քննարկել։ Ներկա պահին ես արձագանքում եմ Ձեզ։ Եվ նաև ուրախ եմ, որ այսօր ներկա եք այստեղ նման կամուֆլյաժով»,- եզրափակեց Միքայել Մանիկյանը։
 
Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երկուսին էլ։ «Կարծում եմ՝ վերջին նախադասությունն ամենաիդելականն էր՝ «դա կարող ենք քննարկել մի այլ տեղ այլ ֆորմատով», հա՞։ Իրոք քննարկման թեմա է և իրոք մտահոգիչ թեմա է։ Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ էր այս ամեն ինչը նաև քննարկելու, հասկանալու համար, ասում ա՝ «հին, ամենահին հարցերից մեկը՝ «ո՞վ է մեղավոր»»,- եզրափակեց Մարությանը։