«Միքայել Մինասյանը ոտքից գլուխ միֆ է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Կառավարությունը 300 մլրդ դրամ հավելյալ միջոցներ ունի և մայիսին 100 հազարական դրամ կարող է տրամադրել շուրջ կես միլիոն ընտանիքների, ինչպես նաեւ կրկնակի վճարել թոշակները, ասաց, որ դա պոպուլիստական հայտարարություն է.
«Բացենք ամբողջ պահուստային ֆոնդը և բաժանենք մարդկանց: Դա շատ լավ է հնչում, բնական է, ինձ համար էլ շատ լավ կլինի՝ ասեմ, որ բոլոր մարդկանց 100 չէ, 200 հազար, 150 հազար բաժանվելու է, բայց դա իրականության և տրամաբանության հետ կապ չունի»:
Ալեն Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ եթե պահուստային ֆոնդում եղած ամբողջ գումարը բաժանեն մարդկանց, հետո ինչպե՞ս են վճարվելու աշխատավարձեր, ինչպե՞ս է պահվելու բանակ եւ այլն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախկին իշխանությունն էլ իրենց է մեղադրում պոպուլիզմի մեջ, Սիմոնյանն ասաց.
«Մենք չենք կանգնում ասում՝ եկեք մարդկանց փող բաժանենք, էն իշխանությունը անօրինական իշխանություն էր, կոռուպցիայի մեջ էր: Այ Միքայել Մինասյանի փողերը կարելի է բաժանել»:
Ընգծեց, որ ճգնաժամը վերաբերում է բոլորին, և այն պահանջում է կտրուկ լուծումներ: Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ վարչապետի այսօրվա հայտարարությանը, որ մոտակա 10 օրվա ընթացքում փուլ առ փուլ գրեթե բոլոր տնտեսական սահմանափակումները դուրս են գալու: Ասաց, որ դա ուրախալի լուր է: Նշեց, որ անձամբ գնալու և տեղորոշելու է անապահովներին:
Սիմոնյանը, խոսելով Վատիկանում նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարություններից, թե «պետք է ապամիֆականացնել Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը և Ապրիլյան պատերազմի ստերը», ասաց.
«Միքայել Մինասյանը ոտքից գլուխ միֆ է, թող զբաղվի իրեն մեղսագրվող հանցագործությունները մեկնաբանելով։ Այլ իրականության մեջ գտնվող ռոմանտիկ նկարների ներքո արվող հայտարարությունները արդեն երկար ժամանակ է՝ չեմ կարդում: Թող զբաղվի իր եւ իր բարեկամների միլիարդներով եւ այն գումարներով, որը հավաքել է և ծախսել է: Ես վստահեցնում եմ իրեն՝ ինքը դրա բացատրությունը տալու է, եւ իրեն չի օգնելու այն բանը, որ գտնվում է արտերկրում»:
Լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե արդյոք «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքում Գագիկ Ծառուկյանին ուղղված սլաքներ կա՞ն, թե՞ նա խաղում է այս իշխանության կանոններով, Սիմոնյանն արձագանքեց.
«Այս իշխանության կանոն չկա, կանոնը մեկն է՝ օրենքը պետք է գործի, անկախ նրանից դու Գագիկ Ծառուկյանն ես, Ալեն Սիմոնյանն ես, թե ուրիշ մեկն ես: Դա է միակ խաղի կանոնը. օրենքը գործում է բոլորի համար: Տեղ-տեղ ինչ-որ բաներ շեղվում են, բայց մենք նրա համար ենք, որ այս շեղումները ուղղենք»:
Առուստամյանին վերաբերող քրգործին Սիմոնյանը չցանկացավ անդրադառնալ:
Հիշեցնենք՝ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար:
Տեսանյութը՝ Factor.am-ի