Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դպրոցներում ավարտական քննություններ չեն անցկացվի, բուհերի դիմորդները կհանձնեն մեկ քննություն (տեսանյութ)

Հեռավար կրթության տեմպերը հիմնականում գոհացնում են, -այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ չբացառելով նաև, որ կան խնդիրներ:

Ուսումնական տարին ավարտվելու է հեռավար կրթության եղանակով,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ մայիսն ամփոփելուց հետո հաջորդ ուսումնական տարում, հնարավոր է շաբաթ օրերը անցկացվեն հավելյալ դասեր, հնարավոր է նաև, որ մյուս  ուսումնական տարին սկսվի մեկ շաբաթ շուտ:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին:

Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ տեղափոխված գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները,                    որոնք համարվելու են քննական, և աշակերտները փոխադրվելու են մյուս դասարան:

Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով:

Ինչ վերաբերում է ավարտական քննություններին, նախարարն ասաց՝  ավագ դպրոցներում ևս ավարտական քննություններ չեն իրականացվելու.

«Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրելու՝ պահպանել կամ քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական»:

Ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը: Նախարարն ասաց՝ գործողությունները կազմակերպվելու են այնպես, որ զորակոչի համար խնդիր չառաջանա:

Քոլեջներում ևս ավարտական քննություններ և դիպլոմայինների հանձնումներ չեն իրականացվելու, ամփոփումը կատարվելու է նույն կերպ, ինչ դպրոցներում:

Ինչ վերաբերում է վերջին զանգին, նախարարն ասաց, հասկանում է, որ աշակերտների համար սա շատ կարևոր է, բայց կա համավարակի տարածման խնդիր․ ավարտող աշակերտներին խոստացավ.

«Հենց որ համավարակը այլևս իրենից որևէ վտանգ չներկայացնի, սահմանափակումները հանվեն, մենք միասին որևէ օր որոշելու ենք և արարողություններն իրականացնելու ենք»:

Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևը ընտրելու են բուհերը՝ պահպանելով համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:

Մեդալի քննություններ ևս չեն իրականացվելու, հավակնորդները հնարավորություն կունենան քննություններին մասնակցել մյուս տարի:

Ինչ վերաբերում է ընդունելության քննություններին, նախարարն ասաց՝ դիմորդները հանձնելու են մեկ քննություն, մինչև ապրիլի 30-ը պարզ կլինի, թե որն է լինելու հիմնական քննության առարկան: Քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, մեկ տարածքում կլինեն սահմանափակ քանակությամբ դիմորդներ:

Քննական առարկան կլինի այն առարկաներից մեկը, որը պարտադիր հանձնելու էին դիմորդները:

«Ըստ ընթացակարգերի՝ միասնական քննությունների համար դիմորդները նախնական հայտերը լրացրել են մինչև մարտի 15-ը, սակայն քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, անհրաժեշտ է հայտերի ճշգրտման և  փոփոխության ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին, այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննությունները անորոշ ժամկետով հետաձգվել են: Առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտեր լրացնելու գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնակ պրոցես»:

Հայտագրվելու հնարավորություն կտրվի մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը՝ էլեկտրոնային եղանակով: Քննությունները կանցկացվեն հուլիսի սկզբին՝ առաջին տասնօրյակի ընթացքում:

Որոշում կա նաև բանավոր քննություններ  չանցկացնելու վերաբերյալ:

Մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվել պատրաստվողները կարող են դիմել հունիսի 16-ից 30-ը:

Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը կկազմակերպվի օգոստոսին, հիմք կընդունվեն ատեստաների գնահատականները:

Արվեստի և առողջապահության ոլորտի հաստատություններում կանցկացվի մեկ քննություն: Հայտերը ընդունվելու են էլեկտրոնային եղանակով: