Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. Կառավարությունը հաստատեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում բարեփոխումների ռազմավարությունը: Կառավարությունը հաստատեց այն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:
Ոստիկանության համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում,-ներկայացրեց Բադասյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ կձևավորվի Ներքին գործերի նախարարություն, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը և պատասխանատվություն կկրի բարեփոխումների համար:
Նախատեսվում է ստեղծել նաև պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն: Այս նոր համակարգը կապահովի հասարակական կարգը և անվտանգությունը, նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումը, հայտնաբերումը կամ խափանումը:
Նաև քրեական դատավարության որոշ գործառույթներ կդրվեն պարեկային ծառայության ուսերին, օրինակ՝ դեպքի վայրի պահպանությունը, կասկածյալին բերման ենթարկելու գործողությունը և այլն:
Օպերատիվ կառավարման կենտրոնն էլ իրականացնելու է պարեկային ուժերի ընդհանուր գործառույթների համակարգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այն նաև լինելու է ահազանգերի կենտրոն:
Ոստիկանության զորքերը կվերանվանվեն ազգային գվարդիա՝ կրելով նաև բովանդակային փոփոխության:
Բադասյանի փոխանցմամբ՝ վերափոխվելու է նաև համայքնային ոստիկանության համակարգը:
Ոստիկանական կադրերի պատրաստման համակարգը ևս արմատական փոփոխությունների է ենթարկվելու,-ընդգծեց Բադասյանը:
Գործողությունների ընդհանուր ծրագիրը կարժենա 16 մլրդ 326 մլն դրամ, -հայտնեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի, ընդ որում՝ ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։
«Մենք կստեղծենք Ներքին գործերի նախարարություն, և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը, այս թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր»:
Վարչապետն ասաց՝ հրաժարվել են այն քաղաքականությունից, որ քաղաքացիական անձանց նշանակեն ոստիկանությունում բարձր պաշտոնների.
«Քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից, ու ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ Ներքին գործերի նախարարության հետ, կլինի նրա կազմում։ Կարծում եմ՝ սա մեր կարևորագույն բարեփոխումներից մեկն է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։