Որքա՞ն գումար է Կառավարությունը վճարել հյուրանոցներին՝ մեկուսացված անձանց տեղավորելու համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կառավարությունն ավելի քան մեկ տասնյակ հյուրանոցներում հազարավոր համարներ է վարձակալել կորոնավիրուսով կասկածվող մարդկանց մեկուսացնելու համար:
COVID-19 միջոցառման շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելի քան 20 անգամ հյուրանոցային ծառայություն է գնվել եւ վճարվել է մոտ 224 մլն դրամ:
Վարձակալված հյուրանոցներից որոշները հայտնի են հանրությանը, որոշները` ոչ այնքան: Եվ որոշ հյուրանոցների հետ կնքվել են բավականին խոշոր գումարի պայմանագրեր:
Կառավարության կայքում տեղադրված այդ պայմանագրերից պարզ է դառնում, որ ամենամեծ պատվերը տրվել է «Ռումի ՍՊԸ»-ին, որին վճարվել է 42 մլն 542 հազար դրամ: Երկրորդ տեղում է «Ռեժինե» ՍՊԸ-ն է, որին առաջին փուլով թվով 93 համարի համար վճարվել է 20 մլն 925 հազար դրամ: Այս դեպում համարները վարձակալվել են 15 օրով և յուրաքանչյուր համարի 1 օրվա արժեքը առանց սննդի կազմել է 12.500 դրամ: Այսինքն կառավարությունը սննդի համար լրացուցիչ է վճարել այս դեպքում առաքող ընկերություններին: Երկրորդ փուլով ստացել է 4 մլն 50 հազար դրամի պատվեր:
Հաջորդ խոշոր պատվերը ստացել է «Վիկտորիա ՎՍ» ընկերությունը, որը նորից երկու փուլով և առանց սննդի մատուցման կառավարությունից ստացել է 20,7 մլն դրամ: Այնուհետև` «Ինվետս հոթելը» քաղաքացիների մեկուսացման համար 15 օրվա դիմաց ստացել է 20 մլն 902 հզր դրամ։ Այս դեպքում սնունդը ներառված է եղել գնի մեջ:
«Իմպերիալ հոթելը» ստացել է 19 մլն 635 հազար դրամ, իսկ «Վերածնունդ Հայրապետյաններ» ՍՊԸ-ն երկու փուլով`13 մլն 830 հազար և 3 մլն 588 հազար դրամ: Մեկուսացվածներին տեղավորելու համար կառավարությունից խոշոր պատվերներ են ստացել նաև «Լյուդվիգ Գաբոյան» և «Փարիզյան հոթել» ընկերությունները` համապատասխանաբար 15 մլն 900 հազար և 12 մլն 078 հազար դրամ:
Կոտայքի մարզում գտնվող «Ռիչմայնդ» հյուրանոցը մեկուսացրել է 85 մարդու՝ կառավարությունից ստանալով 12 մլն 337 հազար դրամ: Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գարուն» հյուրանոցը COVID-19-ով կասկածվողներին տեղավորելու համար ստացել է 11 մլն 900 հազար դրամ, «Նորքի ռեզիդենսը»` 10 մլն 499 հազար դրամ:
Կան մի քանի այլ հյուրանոցներ, որոնք համեմատաբար ավելի քիչ մարդ են տեղավորել և քիչ գումար ստացել:
Ակնհայտ է՝ կառավարությունն իր այս պատվերներով բացի COVID-19-ով կասկածվողներին մեկուսացնելու խնդիրը լուծելուց նաև փորձում է հնարավորինս մեղմել համաճարակի պատճառով գրեթե անգործության մատնված հյուրանոցային բիզնեսի ծախսերը: Կառավարությունն էլ հավանաբար չի կարող երկար նման ծախսեր կատարել, քանի որ այս պահին ոչ միայն տուրիզմը և հյուրանոցային բիզնեսն են կանգնած, այլև` ողջ տնտեսությունը: Եվ եթե մարտ ամիսն որոշակի հարկեր հավաքվել են, ապա ապրիլին բյուջեի մուտքերը կտրուկ ընկած կլինեն:
Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ելույթներից մեկում չի բացառել, որ, կարող է, ինչ-որ պահի չկարողանան մեկուսացվածներին հյուրանոցներում պահել և նրանց խնդրեն ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում: