Ո՞նց եք ներդրողներին համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անելը․ Մարուքյանը՝ Գալստյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկմանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ԿԲ-ը ներդրողներին համոզելու, որ Հայաստանում ներդրում անելն ապահով է, երբ որ իշխանությունը զրոյական հարգանք է ցուցաբերում մարդու անձնական տիրույթին։
«Նախկին իշխանությունները ապօրինի ձևով ապօրինություն էին անում և իմանում, թե ով որ բանկում ինչքան փող ունի, այսօրվա իշխանությունը ապօրինություն չի ուզում անի, ընդունում է օրենքներ, որ օրենքով անի։ Հիմա Կենտրոնական բանկը որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ Կառավարությունում, ո՞նց եք պահելու բանկային գաղտնիքը, ո՞նց եք ներդրողներին համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անելը»,- դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին ասաց Էդմոն Մարուքյանը։
Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը ունի հստակ իրավակարգավորումներ։
«Նախ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է ինչ-որ գործողություն սկսել։ Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի թուլացմանը, ապա հետևյալ մոտեցումը կա՝ ֆիլտրները, որոնք դրված են, այսինքն ժամանակին պետք է կասկածյալ կամ մեղադրյալ լինեիր, հիմա այդ ֆիլտրը հանվել է, բայց դրա փոխարեն գլխավոր դատախազը կամ տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա գնա ինչ-որ բանկային գաղտնիքի հետևից, ու պետք է ապացուցի, որ դա վերջին ատյանի գործողություն է, ուրիշ ձևով ոչ մի կերպ չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշեց Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահի թեկնածուն ընդգծեց, որ պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո կա շրջանակ, որն իրավակարգավորումներ է ներառում։ Մարտին Գալստյանի ելույթը Էդմոն Մարուքյանին հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Տիգրան Սարգսյանն ասում էր՝ տնտեսական ճգնաժամ է, լռեք, մի ասեք, որ տնտեսական ճգնաժամ է, լռենք, որ չգա։ Հիմա բանկային գաղտնիքը որ թուլացվել է, ասում ենք՝ թուլացվել է։ Բա եթե չի թուլացվել, ինչո՞ւ նախկին իրավակարգավորումները վերանայվեց։ Օրինակ՝ մարդը որը որևէ քրեական գործով չի անցնում, ինչո՞ւ պետք է պետությունը կարողանա մտնել այդ մարդու բանկային հաշիվներում տեսնի ի՞նչ կա»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների համաձայն՝ ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Մանրամասները՝ տեսանյութում։