Ռուստամ Բաքոյանը ԱԺ ամբիոնից եզդիերեն դիմեց իր ժողովրդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում մինչ կզեկուցեր իր հեղինակած նախագիծը, շնորհավորեց եզդի ժողովրդին Մալաքե Թաուսի՝ Ամանորի առիթով։
«Ցավոք, 21-րդ դարում դեռ մեզ՝ եզդիներիս սպանում են ազգային պատկանելիության և կրոնի համար։ Սակայն, այս համատեքստում ես, ինչպես նաև Հայաստանում ապրող մյուս եզդիները հպարտանալու մեծ առիթ ունենք՝ ապրում և համարվում ենք այն երկրի քաղաքացի, որտեղ մեր իրավունքները լիովին պաշտպանված են, մեր կյանքն այստեղ գերագույն արժեք է»,- ընդգծեց ազգությամբ եզդի պատգամավորը։
Ըստ նրա՝ ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակի համար պետք է հետևողական և նախանձախնդիր վերաբերմունք ունենալ լեզվի, կրոնի, մշակույթի նկատմամբ, ինչպես նաև հոգ տանել հոգևոր ու ընտանեկան արժեքների մասին։ Ապա պատգամավորն ԱԺ ամբիոնից եզդիերեն լեզվով դիմեց իր ժողովրդին։ Ելույթից հետո ծափահարություններ հնչեցին։
Այնուհետև պատգամավորը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրեր նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր չվճարվող արձակուրդ տալ։ Նախատեսված արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում: