Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանկոմատներ չկան, թոշակառուների վրա նման բեռ դնելը ճիշտ չէ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է կենսաթոշակների վճարումը ամբողջությամբ անկանխիկ դարձնելու համակարգի ներդրմանը։ Խորհրդարանում այդ կարգավորումը նախատեսող փաթեթի քննարկմանը խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը վաղ համարեցին նման նախագծի ընդունումը։

Տիկին Զոհրաբյանը պատճառաբանեց, որ բանկերը պատրաստ չեն այդ համակարգին անցնելուն։

«Սա լինելու է ընդունված, բայց դարակում դրված նախագիծ, որովհետև ես գրեթե վստահ եմ, որ մինչև 2023թ․-ը բանկային ենթակառուցվածքներ չենք ունենալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը ու պատճառաբանեց, որ սա ֆինանսական առումով շահավետ չի լինելու բանկերի համար, չեն կարողանալու բանկերին թելադրել և արդյունքում ստացվելու է, որ 2023թ․-ին Կառավարությունը խորհրդարանին առաջարկելու է ժամկետները երկարաձգել։

«Վստահեցնում եմ, մշտապես լինելով ՀՀ-ի տարբեր բնակավայրերում, ուզում ես մի հատ բանկոմատ գտնել կա՛մ չկա, կա՛մ էլ վազելով մոտենում ես, պարզվում է՝ այն ժամանակավորապես չի աշխատում։ Նման բեռ դնել թոշակառուների վրա, և հետագայում պարտադրել, որ օրենքի պահանջը կատարեն, հակառակ դեպքում կարող են սանկցիաներ կիրառվել, կարծում եմ՝ ճիշտ լուծում չի լինի»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։