«Հ1»-ը մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ կհեռարձակի․ արգելքներ ևս կան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է առևտրային գովազդ տեղադրելու հնարավորություն տալ Հանրային հեռուստատեսությանը՝ մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ։
Միաժամանակ պահպանվելու է նաև մշակութային, սպորտային, գիտամշակութային հաղորդումների ժամանակ՝ մինչև 2,5 րոպե տևողությամբ հովանավորների վերաբերյալ տեղեկատվության նշումը։
Նախագծերի փաթեթը կարգավորում է նաև սոցիալական գովազդը։ Այն կարող է տեղադրվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, ընդ որում, սոցիալական գովազդն անվճար կլինի 00։00-ից մինչև 18։00-ն, իսկ 18։00-ից մինչև 00։00-ն՝ կլինի վճարովի հիմունքներով:
Կառավարությունն ականջալուր է եղել պատգամավորների մտահոգությանը, թե որոշակի բովանդակություն ունեցող գովազդը չի կարող հեռարձակվել։
«Մասնավորապես՝ արգելվելու է Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը»,- պարզաբանեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։