Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրություններն արտացոլել են այն քվեարկությունը, որն իրականացրել է Արցախի ժողովուրդը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Նախօրեին Արցախում, արտակարգ իրավիճակի պայմաններում, անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 

Արցախում ընթացող ընտրություններին դիտորդություն էին իրականացնում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: 

ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով դիտորդության արդյունքները, ընդգծեց,որ ընտրությունների երկրորդ փուլն անցել է շատ ավելի հանգիստ մթնոլորտում՝ պայմանավորված մասնակիցների թվի նվազմամբ, ինչպես նաև թեկնածուների հորդորներով:

«Թե՛ առաջին, թե՛ երկրորդ փուլի հետ կապված կրկին ուզում եմ վերահաստատել մեր մոտեցումը, որ անելիքներ դեռ շատ կան, այնուհանդերձ ընտրությունների ընթացքում արձանագրված պատկերը արտացոլում է այն թվերը, որը Արցախի Հանրապետության քաղաքացիները արձանագրել են ընտրատեղամասերում»:

Սիմոնյանը նշեց, որ կան տարբեր նկատառումներ կապված խախտումների հետ, բայց այնուամենայնիվ գրեթե բոլոր մասնակիցները ընդունել են ընտրությունների արդյունքները.

«Արցախում տեղի ունեցած ընտրությունները մենք նույնպես համարում ենք կայացած, և դրանք արտացոլել են այն քվեարկությունը, որը իրականացրել է Արցախի ժողովուրդը»:

Ալեն Սիմոնյանն ասաց՝ եղել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում, որտեղ քվեարկում էին կալանավորները:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե արդյոք պատգամավորները դիտորդություն իրականացրե՞լ են համաճարակի օջախ համարվող տարածքների ընտրատեղամասերում․ ի պատասխան ՀՀ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ չպետք է որևէ տեղ համարել օջախ, որովհետև համաճարակը շատ հանգիստ կարող էր տարածվել բոլոր ընտրատեղամասերով, և տարանջատումը կոռեկտ չհամարեց:

Այնումենայնիվ՝ Սիմոնյանը նշեց, որ  չեն գնացել, բայց ոչ թե վախի, այլ այն պատճառով, որ ամբողջ տարածքը չէին կարող ծածկել:

Հիշեցնենք՝ երկրորդ փուլ էին անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: 

Նախօրեին կայացած ընտրություններին, նախնական տվյաներով, մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը: