Կորոնավիրուս ունեցող 6 զինծառայող այսօր ավարտել է բուժումը և դուրս գրվել. Սահակ Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ներկա պահին Զիված ուժերում կորոնավիրուսով վարկված զինծառայողների շրջանում ծանր վիճակում գտնվող չկա, արհեստական շնչառական սարքերին միացված զինծառայողներ ևս չկան»,-այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց Զիված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնադապետ Սահակ Օհանյանը:
Օհանյանը մեկուսացվածների և ինքնամեկուսավածների, ինչպես նաև բուժվողների թվաքանակի վերաբերյալ տվյալներ չնշեց, միայն վստահեցրեց, որ թիվը չնչին է, կան բուժված զինծառայողներ, ովքեր անցել են նորմալ ծառայության.
«Այսօր առավոտյան 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել՝ հետագա ծառայությունը շարունակելու համար»:
Նաև վստահեցրեց, որ թոքաբորբով հիվանդ ոչ մի զինծառայող չկա:
Զիված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը ի զորու է և իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքեր, որ կարիք չկա զորքը զորանոցային վիճակի բերելու,-վստահեցրեց Օհանյանը՝ հավելելով՝ անհրաժեշտության դեպքում կկայացվի նաև նման որոշում:
«Հայ ռազմաբժիշկները 100 տոկոսով պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարին, ընդգրկված են ըստ անհրաժեշտության»:
Վստահեցրեց՝ ներդնում են նաև տարիների փորձը.
«Այս տարիների ընթացքում մենք փաստի առաջ ենք կանգնել, երբ տարածվել էր H1N1-ը, և այդ ժամանակ զինուժի բժշկական ծառայությունը շատ լուրջ պայքարի մեջ էր, պայքարը հաղթանակով ավարտվեց մեր բժշկական ծառայության համար»:
Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում զորակոչին, Օհանյանն ասաց, որ այն ընթանալու է ըստ նշանակված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել.
«Զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլոր զինկոմներին հատկացված են անհատական պաշտպանիչ միջոցներ, մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ, և յուրաքանչյուր օրվա ավարտից հետո ախտահանման աշխատանքները կրկնվելու են»:
Օհանյանն ասաց, որ վիրուսի կանխարգելման դեմ պայքարում համագործակցում են նաև Արցախի պաշտպանության բանակի հետ:
Այնտեղ իրավիճակը վերահսկելի է, խնդիրներ չկան:
Օհանյանը տեղեկացրեց, որ շարժական լաբորատորիաների միջոցով 165 զինծառայողներից վերցվել է նմուշառում, կան դրական և բացասական պատասխաններ, ընդ որում՝ ավելի շատ բացասական քան դրական.
«Շարժական լաբորատորիաները ամբողջ ծավալով աշխատում են ապրիլի 9-ից, ստեղծված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են նաև հայկական զինված ուժերի կողմից համապատասխան մասնագետներ, ովքեր մեր ռուս գործընկերների հետ զուգահեռ կատարում են աշխատանքները»,-տեղեկացրեց Օհանյանը:
Փոխգնդապետը նաև լրագրողներից մեկի հարցադրմանն ի պատասխան հաստատեց, որ սնունդ մատակարարող կազմակերպություններից մեկի աշխատակիցը վարակված է եղել, բայց հենց ջերմություն ունենալուն պես նրան հրահանգ է տրվել զորամաս չգնալ, ընկերության բոլոր աշխատակիցները մեկուսացված են, ընկերությունն աշխատում է այլ կազմով:
Հաստատված դեպքով անձը չի մասնակցել սննդի մատակարմանը կամ պատրաստմանը, իր գործառույթը եղել է սպասք լվանալը, զինծառայողների հետ առնչություն չի ունեցել,-վստահեցրեց Օհանյանը:
«Ա1+»-ի հարցին, թե զորամասերի սպաները, պայմանագրային զինծառայողները, բժիշկները, բուժծառայության պետերը և աշխատակիցները արդյոք պարբերաբար թեստավորում անցնո՞ւմ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք միշտ չէ, որ զորամասի ներսում են լինում, Օհանյանն արձագանքեց, որ նրանց շատ խիստ ցուցում են տվել՝ սահմանափակել շփումները.
«Ունեցել ենք նաև համապատասխան հրամանների արձակումներ, որոնցով հորդորվել է նաև պահպանել աշխատանքային ձևաչափը: Ներկա պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված բժշկական ծառայության որևէ սպա, ենթասպա կամ պայմանագրային չունենք՝ չնայած նրան, որ աշխատում են էպիկենտրոնում»,- ասաց նա: