Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մտահոգությունը տեղին է, բայց չի նշանակում, որ պետք է կացինով կտրել․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հղում է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2 նախադեպերին, որոնց համաձայն՝ մեկնաբանությունների մոդերացիա իրականացնելը վերաբերում է միայն այն լրատվամիջոցներին, որոնք ունեն բավարար ռեսուրսներ։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պարոն Նավասարդյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նա առաջարկում է օրենքի ուժով պարտավորեցնել ԶԼՄ-ներին անձի պատիվը և արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող կամ արատավորող արտահայտությունները և գրառումները հեռացնել իրենց էջերից դրանք հրապաարկվելուց առավելագույնը 12 ժամվա ընթացքում։

«Մենք հասկանում ենք, որ լրատվական դաշտում կան բազմաթիվ «խաղացողներ», որոնք դրա հնարավորությունը չունեն, և պետք է իրենց դրության մեջ մտնել։ Եթե այդ կարգի օրենսդրական նախաձեռնություն կա, ապա պետք է այդ սահմանումը հստակ դրվի»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահը կիսում է Գևորգ Պետրոսյանի մտահոգությունը՝ էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների ներքո արված մեկնաբանություններում վիրավորական խոսքը շատ է, բայց պետք է գտնել այնպիսի լուծում, որը կպաշտպանի թե՛ մարդու իրավունքը, թե՛ խոսքի ազատությունը։

«Մտահոգությունը տեղին է, բայց դա չի նշանակում, որ պետք է կացինով կտրել։ Ամեն դեպքում պետք է համաչափ և բալանսավորված մոտեցում ունենալ այդ խնդրին, որպեսզի մի կողմից պաշտպանվի մարդու իրավունքը, մյուս կողմից՝ խոսքի ազատությունը։ Պետք է գտնել այնպիսի լուծում, որը հնարավորինս երկուսն էլ կապահովի։ Կարծում եմ՝ այս պահին ավելի լավ լուծում, քան առաջարկել է ՄԻԵԴ-ը, չկա»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ ռեպրեսիվ միջոցով ատելության, բռնության խոսքը նվազեցնել հնարավոր չէ, դրանով ընդամենը բացառվում է լայն տարածումը։

Մանրամասները՝ տեսանյութում։